Թուրքիան չի պատերազմում քուրդ բնակչության դեմ, թուրքական կառավարությունը ահաբեկչական կազմակերպությունների դեմ է պայքարում: «ՆԱՏՕ-ի շաբաթներ» միջոցառման շրջանակում Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ այսօր այս մասին հայտնել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը՝ անդրադառնալով երկրի քրդական բնակչության դեմ Թուրքիայի կողմից փաստացի ռազմական գործողությունների իրականացման և այս համատեքստում ՆԱՏՕ-ի երկակի չափորոշիչների վերաբերյալ հարցին:
ՆԱՏՕ-ի միջազգային քարտուղարության ներկայացուցիչ Սթեֆան Էլգերսման էլ իր հերթին նշել է . «Մենք, որպես միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ, աշխատում ենք 28 երկրների համար: Դուք երբեք չեք տեսնի, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարությունը կամ էլ նրա աշխատակազմի որևէ ներկայացուցիչ մեկնաբանեն Հյուսիսատլանտյան դաշինքի առանձին անդամ երկրի՝ այդ թվում Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը»: