Նախօրեին Բեռլինում տեղի ունեցած «Նորմանդական քառյակի» արտգործնախարարների հանդիպման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել ծանր զինատեսակների հեռացման վերաբերյալ։ Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում կատարելով ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքերին։
Լավրովը հայտնել է, որ նախարարները դիմել են Կոնտակտային Խմբին՝ խնդրելով մշակել շփման գծից ծանր զինատեսակների հեռացման գրաֆիկը։ Միաժամանակ, նրանք նշել են, որ դրա համար կարող է օգտագործվել նաև փոքր զինատեսակների համար գործող գրաֆիկը։
Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն, իր հերթին, նշել է, որ հանդիպման արդյունքները գերազանցել են ակնկալիքները։
«Նորմանդական քառյակի» ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը նախանշված է մինչև տարվա վերջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2 –ին Փարիզում կայացել է «Նորմանդական քառյակի»՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հանդիպումը։