Նոր աշխատատեղեր սահմանամերձ Բերդաշեն համայնքում

14:33     9 նոյեմբերի, 2015

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի աջակցությամբ պանրի արտադրության բիզնես է հիմնվել Շիրակի մարզի սահմանամերձ հեռավոր Բերդաշեն գյուղում. բիզնեսը 5 աշխատատեղ է ստեղծել համայնքում:

Նոյեմբերի 2-ին, ՀԱՀ Թրփանճեան ծրագրի ևս մեկ շահառու, պրն. Սլավիկ Չապանյանը ծրագրի թիմի հետ համատեղ իրականացրեց իր բիզնեսի՝ «Արևաշող» կոչվող պանրի արտադրամասի բացումը Բերդաշենում ժապավեն կտրելու հանդիսավոր արարողությամբ: Բերդաշենը Հայաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող փոքրիկ գյուղ է, որը սահմանակից է Թուրքիային և Վրաստանին: Բերդաշենում ապրում է ընդամենը 62 ընտանիք:

Չապանյանի բիզնեսի օժանդակությունը իր համայնքին զգալի է: «Արևաշողը» ռազմավարական նշանակություն ունի Բերդաշեն համայնքի համար: Բացի այն, որ բիզնեսը 5 աշխատատեղ է ստեղծել համայնքում, արտադրամասը կաթը գնելու է բացառապես տեղի բնակիչներից՝ մեծապես լուծելով կաթի իրացման խնդիրը համագյուղացիների համար: Չապանյանի արտադրամասը նոր շունչ է տվել Բերդաշենին՝ ոգևորելով գյուղի մյուս բնակիչներին:

Սլավիկ Չապանյանը, հաջողությամբ ավարտելով ծրագրի կողմից առաջարկվող դասընթացները՝ ստացել է ֆինանսական աջակցություն և հիմնել իր արտադրամասը: Բիզնեսն ունի բոլոր անհրաժեշտ սարքավորումները և պայմանները տարատեսակ պանրի արտադրության համար, այդ թվում՝ ռոկֆոր տեսակի պանրի: Չապանյանը նաև նպատակ ունի արտահանել իր արտադրանքը:

Իր ելույթում Չապանյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀԱՀ Թրփանճեան ծրագրին աջակցության համար՝ նշելով, որ առանց ծրագրի օգնության նա չէր կարողանա հիմնել իր արտադրամասը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը աջակցում է Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Ջավախքի գյուղական համայնքների տնտեսական զարգացմանը համայնքների ձեռնարկատերերին կրթության, ֆինանսական աջակցության և խորհրդատվությունների տրամադրման միջոցով: Մինչ այժմ ծրագրի աջակցությամբ 265 բիզնես և 455 աշխատատեղ է ստեղծվել Շիրակի, Տավուշի մարզերում, Արցախում և Ջավախքում: Ծրագիրը արդեն իսկ իր գրասենյակն է հիմնել Վայոց Ձորի մարզում: Դիմումներն ընդունվում են մարզային գրասենյակներում:


© armedia.am