Նոյեմբերի 11-ին, տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդատվություններ փոխարտգործնախարարների մակարդակով, փոխանցում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Խորհրդատվությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու նոր հնարավորությունները: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է նման միջոցառումների պարբերական անցկացումը, որն արդյունավետ հարթակ է երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը և դրանց իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը քննարկելու համար: Ընդգծվել է հայ-թուրքմենական հարաբերությունների խորացման և զարգացման գործում բարձրաստիճան փոխայցելությունների շարունակականության հետագա ապահովման կարևորությունը: Խորհրդատվությունների օրակարգում ներառված էր հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ քաղաքական փոխգործակցության հետագա ակտիվացումը, երկկողմ տնտեսական բաղադրիչի հնարավորությունների օգտագործումը, միջազգային կազմակերպություններում փոխշահավետ համագործակցության ծավալումը, հումանիտար և մշակութային կապերի խորացումը, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնումը:
Խորհրդակցությունների ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրների շուրջ: