Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) ընտրական հանձնաժողովը հաստատել է կազմակերպության նախագահի պաշտոնում հինգ թեկնածուի: Թեկնածուների ցուցակում չկա ՈւԵՖԱ-ի (Ֆուտբոլի Եվրոպական ասոցիացիաների միություն) նախագահ Միշել Պլատինիի անունը, ում ֆուտբոլային գործունեությունը դադարեցվել էր: Նշվում է սակայն, որ Պլատինիի թեկնածությունը կարող է դիտարկվել նրա լիազորությունները կասեցնելու 90-օրյա ժամկետի ավարտից հետո:
Բացի Պլատինինից, «անկեղծության թեստը» չի անցել նաև Լիբերիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Մուսա Բիլիտին, սակայն կազմակերպությունում չեն հրապարակում նրան մերժելու պատճառները` Բիլիտի իրավունքների պաշտպանության նկատառումներով:
Այսպես, որպես թեկնածու ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին մասնակցելու իրավունք է տրվել ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտիոն, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամպանին, Ֆուտբոլի ասիական ֆեդերացիայի նախագահ շեյխ Սալման ալ-Խալիֆին, Հորդանանի արքայազն Ալի իբն ալ-Հուսեյնին և Հարավաֆրիկյան հանրապետության կառավարության նախկին անդամ Տոկիո Սեկսվալեին:
Ինֆանտինոն այս պաշտոնում իր թեկնածությունն առաջադրել է որպես ՈւԵՖԱ-ի կողմից ահուստային թեկնածու: Այն դեպքում, երբ Պլատինին վերականգնվի իր պաշտոնում և կարողանա մասնակցել ընտրություններին Ինֆանտինոն կհանի իր թեկնածությունը:
Ժերոմ Շամպանը համարվում է Բլատերի կողմից հովանավորվող թեկնածու և նրա օգտին կքվեարկեն հիմնականում Բլատերի կողմնակիցները: Սալման ալ-Խալիֆը՝ ՖԻՖԱ-ի գործող փոխնախագահը, նույնպես համարվում է Բլատերի հին գործընկերներից: Կազմակերպության նախագահի պաշտոնում առաջադրվելու նրա որոշումը քննադատության է արժանացել իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, որոնք ալ-Խալիֆին մեղադրում են 2011 թվականին Բահրեյնի ընդդիմադիր մարզիկներին կտտանքների ենթարկելուն մասնակցելու մեջ:
Հորդանանի արքայազն ալ-Հուսեյնը ՖԻՖԱ-ի նախագահի նախորդ ընտրություններում Բլատերի միակ մրցակիցն էր և պարտվել էր Բլատերին բավականին մեծ հաշվով` չնայած ընտրություններն անցել են ՖԻՖԱ-ում կոռուպցիոն սկանդալի ֆոնին:
Հարավաֆրիկացի Տոկիո Սեկսվալեն ապարտեիդի դեմ պայքարի հայտնի մասնակիցներից է: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել 2010 թվականին Հարավային Աֆրիկայում անցկացված Ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպմանը:
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2016 թվականի փետրվարի 26-ին: Գործող նախագահ Բլատերը հրաժարական է տվել հունիսի 2-ին՝ կազմակերպության նախագահի պաշտոնում 5-րդ անգամ անընդմեջ վերընտրվելուց օրեր անց` կոռուպցիոն սկանդալի պատճառով: Պալտինին ևս կասկածվում է կաշառակերության մեջ: Դատախազության մոտ առկա են կասկածներ 2011 թվականին Բլատերի կողմից Պլատինիին 2 մլն շվեյցարական ֆրանկ վճարելու փաստի հետ կապված: