Հունաստանում այսօր մեկօրյա համընդհանուր գործադուլ կանցկացվի, ամբողջ երկրում նախատեսվում են բողոքի ակցիաներ ընդդեմ կառավարության քաղաքականության:
Ամբողջ օրը փակ կլինեն պետական և համայնքային հաստատությունները, հիվանդանոցները, դեղատները: Փոփոխվել է հանրային տրանսպորտի աշխատանքի գրաֆիկը, դադարեցվել է երկաթուղային և ծովային երթևեկությունը, չեղարկվել են ավելի քան 30 ներքին չվերթեր։ Փակ կլինեն նաև թանգարանները:
Գործադուլին մասնակցում են երկրի կոմունալ ծառայությունների, նախարարությունների հարկային մարմինների, թոշակային ֆոնդերի, բանկերի աշխատակիցները, դասախոսներն ու դասատուները, ինժեներները, իրավաբանները, նոտարները և դեղագործները:
«Գործադուլը կլինի ժողովրդի պատասխանը երկրի կառավարության այն ապակառուցողական քաղաքականության, որը տանջում է աշխատավորներին և հանգեցնում է նրան̦ որ երիտասարդները կորցնեն իրենց հույսը», - հայտարարել է երկրի առաջատար արհմիություններից մեկի ներկայացուցիչը̦ ով նախատեսում է ցույցեր կազմակերպել հենց Աթենքի կենտրոնում:
Գործադուլ կանցկացնեն նաև լրագրողները, նրանք կլուսաբանեն միայն այն իրադարձությունները, որոնք կապված են բողոքի ակցիաների հետ:
Հիշեցնենք, որ ԵՄ-ի հերթական վարկի դիմաց Հունաստանը պարտավորվել էր կոշտ տնտեսական քաղաքականություն վարել, ինչի դեմ էլ բողոքում են քաղաքացիները: Բողոքի հիմնական պատճառը երկրի վարկատուների հետ ստորագրված երրորդ համաձայնագիրը, ըստ որի Հունաստանի կառավարությունը իր վրա պարտավորություն է վերցնում իրականացնել տնտեսելու խիստ միջոցառումներ: Այս ամենի արդյունքում Հունաստանը կստանա վարկ 86 միլիարդ եվրոյի չափով:
Միջոցառումների շարքում առանձնանում են կենսաթոշակների և աշխատավարձերի նվազեցումը, ինչպես նաև հարկերի բարձրացումը:
Վերջին օրերին Հունաստանում արդեն տեղի են ունեցել մի շարք գործադուլներ, իսկ հաջորդ շաբաթ Հունաստանի ֆերմերները մտադիր են հանդես գալ Եվրամիության և Ցիպրասի կառավարության դեմ բողոքով:
Ինչևէ Հունաստանի էկոնոմիկայի նախարար Ջորջ Ստատակիսը հայտարարել է ի պատասխան այս գործադուլի, որ մինչև շաբաթվա հնարավոր կլինի «հաշտվել» ժողովրդի հետ:
«Պետք է ջանք չխնայենք̦ որ մինչև շաբաթ օրը այս հարցը լուծում ստանա», - մասնավորապես շեշտել է նախարարը: