Հայտնի են դարձել Փարիզում նոյեմբերի 13-ի ահաբեկչության մասնակիցներից երեքի անունները։
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ, հարձակումներին մանսակցել են Ֆրանսիայի քաղաքացի Իսմաիլ Օմար Մոստեֆան, սիրիացի Աբդուլակբակ Բ.-ն և Ահմեդ Ալմոհամեդը։
RBC-ն հայտնում է, թե գրոհայիններից մեկի անունը Facebook-ի իր էջում գրել է Շարտրի քաղաքապետ Պիեր Ժորժը։ Մյուս երկուսի անունները հրապարակել են լրատվամիջոցները։
Ըստ Ժորժի, Իսմաիլ Օմար Մոստեֆան մինչև 2012թ. ապրել է Շարտրում։ 2004-2010թթ.. նա ութ անգամ պատասխանատվության է ենթարկվել։ Ենթադրաբար Մոստեֆան Սիրիայում եղել է 2013-2014թ. ձմռանը։ Ֆրանսիական ոստիկանությունն արդեն ձերբակալել է նրա եղբորն ու հորը։ Սիրիացի Ահմեդ Ալմոհամեդը Ֆրանսիա էր ժամանել Հունաստանից, Սերբիայի տարածքով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փարիզի դատախազը հաստատել էր զոհերի և վիրավորների թիվը, համապատասխանաբար, 129 և 352 մարդ, ինչպես նաև 8 ահաբեկիչների սպանվելը։ Նրանցից յոթը եղել են մահապարտի գոտիներով։ «Իսլամական պետությունը» հաստատել է իր մասնակցությունն ահաբեկչական գործողություններին։
Նախնական տեղեկությամբ, մահացած ահաբեկիչների մարմինների կողքին եգիպտական և սիրիական անձնագրեր են գտել։