Նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակից հետո Թուրքիայի ներքաղաքական վիճակը դարձել է էլ ավելի անկանխատեսելի: Ոգևորվելով ԱԶԿ-ի հաղթանակով` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցել է իր կողմից մշակված հեռանկարային ծրագրի հաջորդ փուլին՝ երկրի խորհրդարանական կառավարման համակարգը նախագահականով փոխարինելուն:
Հարկ է նշել, որ Թուրքիայի քաղաքական պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նոր կառավարման համակարգ հաստատելու խնդիրը դարձել է նախագահի կարևորագույն առաջնահերթություններից մեկը: Նախկինում որոշ քաղաքական առաջնորդներ նույնպես հանդես են եկել հօգուտ նախագահական համակարգի, ինչպես, օրինակ` նախագահ Թուրգութ Օզալը 1980-ականներին և Սուլեյման Դեմիրելը՝ 1990-ականներին, սակայն նրանց ծրագրերը չեն դիտվել որպես գերագույն նպատակներ, այլ, ընդհակառակը` ժամանակի ընթացքում մոռացվել են: Հատկանշական է այն հանգամանքը, որ այդ քննարկումներն ինտենսիվորեն առաջ եկան Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իշխանության գլուխ գալու հետ միաժամանակ, որն էլ, իր հերթին, դարձավ 2015 թվականի նախընտրական քարոզարշավի առանցքային կետերից մեկը, իսկ նոյեմբերի 1-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո այն պարզապես հայտնվեց Թուրքիայի ներքաղաքական կյանքի կիզակետում:
Հաղթանակ տանելուց անմիջապես հետո երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հաստատեց այն փաստը, որ ձևավորվելիք Թուրքիայի կառավարությունը հավատարիմ կմնա նախորդ տարիների իր նպատակներին: Նրա հավաստմամբ՝ «ժողովրդավարության ուղղությամբ հետագա առաջխաղացման համար անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը նոր դռներ կբացի Թուրքիայի առջև»: Այս հայտարարությանը հաջորդեց երկրի նախագահ Էրդողանի կոչը` երկրի Սահմանադրությունը փոխելու նպատակով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ:
Այս պարագայում հարցը կայանում է նրանում, թե ինչ է սպասվում Թուրքիային նոր սահամանադրությամբ նախագահի լիազորությունները ընդլայնվելուց հետո:
Հարկ է նշել, որ, ԱԶԿ-ի առաջարկած նախագահական համակարգի նախագծի համաձայն, պետության ղեկավարը իրավունք է ունենալու իր իշխանությունը տարածել գործադիր և օրենսդիր մարմինների վրա, որը նշանակում է թե´ գործադիր և թե´ օրենսդիր մարմիններն կենտրոնացված են լինելու նախագահի ձեռքում: Խորհրդարանը կպահպանի իր օրենսդրական գործառույթը, սակայն նախագահն ունենալու է օրենքի նախագծերի նկատմամբ վետո կիրառելու հնարավորություն: Ավելին, խորհրդարանը պետք է ունենա մեծամասնության երեք-հինգերորդը` նախագահի դրած վետոն հաղթահարելու և այն երկրորդ անգամ անցկացնելու համար: Նախագահն անձամբ է նշանակելու նախարարներին և բարձրագույն դատարանների անդամների կեսին, ինչպես նաև ի զորու է լինելու արձակել խորհրդարանը: Ի տարբերություն մյուս նախագահական համակարգերի՝ ԱԶԿ-ի կողմից առաջարկված համակարգը սահմանում է, որ նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու միաժամանակ:
Չնայած ԱԶԿ-ի կողմից մշակված ծրագրերին՝ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այս ամենն իրականացնելու համար պահանջվում է 550 պատգամավորների առնվազն 330-ի աջակցությունը, իսկ ԱԶԿ-ն ունի ընդամենը 317 տեղ: Իսկ սա նշանակում է, որ ԱԶԿ-ին կրկին սպասվում է հունիսի 7-ի ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների հայելային արտացոլումը` միայն մեկ տարբերությամբ. ԱԶԿ-ն կրկին պետք է բանակցություններ վերսկսի ընդդիմության հետ` այս անգամ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար մանդատների թիվն ավելացնելու նպատակով:
Կարելի է ասել, որ ներկայումս Թուրքիայի քաղաքական կյանքում սպասվում է երկու սցենար: Առաջին` ամբողջական նախագահական համակարգ, որի դեպքում Էրդողանը, ողջ իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելով, ձեռք կբերի Օսմանյան դարաշրջանի բռնակալ սուլթանի կերպարը: Իսկ երկրորդը` այլընտրանքային տարբերակ համարվող «կուսակցապետ նախագահ» կոնցեպտը: Հարկ է նշել, որ վերջինիս հասնելու համար ԱԶԿ-ից կպահանջվի միայն վերացնել Թուրքիայի ներկայիս հանրապետության հիմնադիր համարվող Քեմալ Աթաթուրքի նախագահության ժամանակաշրջանում (1923-1938 թթ.) ընդունված և 1961 թվի Սահամանադրությամբ հաստատված Թուրքիայի 101-րդ հոդվածում տեղ գտած «նախագահի պաշտոնում ընտրված անձը պետք է խզի կապերը կուսակցության հետ» կետը: Նման սցենարի պարագայում Թուրքիայի նախագահ Էրդողանը կարող է երկրի նախագահի պաշտոնը համատեղել ԱԶԿ-ի նախագահի պաշտոնի հետ, ինչը սահմանադրությամբ վերագրվում է Թուրքիայի վարչապետին:
Հաշվի առնելով Թուրքիայի նախագահի կողմից վարած ագրեսիվ քաղաքականությունը՝ կարելի է ասել, որ ինչպես ընդհանուր և արտահերթ ընտրությունների, այնպես էլ նոր սահմանադրություն հաստատելու դեպքում, Էրդողանը դիմելու է տարբեր հնարավոր միջոցների իր երազանքն իրականացնելու նպատակով: Հարկ է նշել, որ այս անգամ ևս թուրքական իշխանությունների ինքնավստահ և ոչինչ չխնայող սանձարձակ քայլերը կրկին երկիրը տանելու են դեպի անորոշության և ներքաղաքական կյանքը վերածելու են իրական քաոսի: