Եգիպտոսի բուրգերը նոյեմբերի 15-ին լուսավորվել են Ֆրանսիայի, Ռուսաստանի և Լիբանանի ազգային դրոշների գույներով:
Обозреватель-ի փոխանցմամբ՝ այդ կերպ Եգիպտոսի իշխանությունները համերաշխություն են հայտնել այն երկրների հետ, որոնք ահաբեկչությունների հետևանքով կորցրել են իրենց քաղաքացիներին:
Բուրգերի վրա հայտնվել են նաև գրառումներ ռուսերեն, ֆրանսերեն և արաբերեն լեզուներով:
Երկրի տուրիզմի նախարար Հիշամ Զաազուն նշել է, որ ակցիան անցկացվում է ի նշան համերաշխության աշխարհի այն բոլոր ազգերի հետ, որոնք տառապում են ահաբեկչությունից, այդ թվում` Ֆրանսիայի և Լիբանանի, ինչպես նաև Ռուսաստանի` ի հիշատակ ողբերգական ավիաաղետի զոհերի:
Հիշեցնենք, որ ռուսական ինքնաթիռը, որն իրականացնում էր չվերթ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ, կործանվել էր հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում: Օդանավում գտնվող բոլոր 224 ուղևորները և անձնակազմի անդամները զոհվել էին:
Նոյեմբերի 12-ին Բեյրութ քաղաքում 2 պայթյունների հետևանքով մահացել էր առնվազն 41 մարդ, ևս 200-ը ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ: