Աշխարհի խոշորագույն երկրներից մեկը համարվող Թուրքիայում, որն այս օրերին հյուրընկալում է G-20-ի ղեկավարներին, 100 տարի անց շարունակվում են դաժանաբար վարվել կրոնական, ազգային և էթնիկ փոքրամասնությունների հետ: Լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, որ Թուրքիայի հիմնականում քրդաբնակ Շիրնաք նահանգում թուրքական ոստիկանական ուժերը Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ (PKK) պայքարի քողի ներքո սարսափելի հանցագործություններ են իրագործում խաղաղ բնակչության նկատմամբ:
Օրեր առաջ քրդական լրատվամիջոցները հայտնեցին, որ Շիրնաք նահանգի Սիլոփի շրջանում թուրքական ոստիկանական ուժերը 19-ամյա քուրդ երիտասարդի են սպանել, այնուհետև նրա դիակը կապել են մեքենայի հետևից ու գետնով քարշ տվել:
Այս դեպքը, սակայն, միակը չէ: Հոկտեմբերին միջազգային հանրությունը ցնցվեց մեկ այլ նման միջադեպից: Այս անգամ զոհը 24-ամյա Հաջի Լոքման Բիրլիքն էր: Միջադեպը մեծ հնչեղություն ստացավ թուրքական հանրության ներսում հատկապես քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության շնորհիվ, որի համանախագահ Սելահեթիին Դեմիրթաշը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում տարածեց միջադեպի լուսանկարը և մակագրեց. «Այս լուսանկարին լավ նայեք: Այն արվել է երեկ Շիրնաքում: Թող ոչ ոք չմոռանա, որովհետև մենք չենք մոռանալու»:
Սկզբում թուրքական իշխանությունները շտապեցին հերքել` պնդելով, որ լուսանկարը կեղծ է: Ինչպես նշում է The Daily Mail-ն, Արդարություն և զարգացում կուսակցությունը հայտարարեց, որ լուսանկարները պատրաստվել են PKK-ի աջակիցների կողմից և դրանց նպատակն է հեղինակազրկել կառավարությանը հանրության աչքում և ավելի բորբոքել լարվածությունը: Սակայն ավելի ուշ կառավարությունն ընդունեց, որ դրանք իրական են` հայտարարելով, որ երիտասարդը մահապարտ է եղել, և «դա ընդունված պրակտիկա է աշխարհում»: Թուրքական Sabah թերթը հայտնում է, որ կառավարության կարծիքով դա արվել է «որպես անվտանգության նախազգուշացում»:
Հետաքրքիր է` G-20-ի ղեկավարներից գոնե մեկը հարկ կհամարի՞ անդրադառնալ այս հարցին Անթալիայում Թուրքիայի նախագահի հետ բանակցություններում, թե՞ ոչ: Թերևս կռահելն այնքան էլ դժվար չէ...