Ղրիմի թաթարների երկու ամենամեծ կազմակերպությունները՝ «Ղրիմը» և «Ղրիմի միասնությունը» միավորվել են՝ ստեղծելով Ղրիմի թաթարների մեջլիսին այլընտրանք: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ղրիմի կառավարության ազգամիջյան հարաբերությունների և արտաքսված քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի ղեկավար Զաուր Սմիրնովը:
Նրա խոսքով՝ ավելի վաղ Ղրիմի թաթարների անունից հանդես գալը մեջլիսը մենաշնորհային էր դարձրել: Սակայն այն բանից հետո, երբ նրա առաջնորդները հեռացել են Ղրիմից՝ հանդես գալով Ռուսաստանի հետ թերակղզու վերամիավորման դեմ, նրանք կորցրել են Ղրիմի թաթարների հետաքրքրությունը ներկայացնելու իրավունքը:
«Ղրիմի թաթարները վերջին մեկուկես տարվա ընթացքում սովորել են առանց մեջլիսի լուծել իրենց հարցերը՝ համագործակցելով իշխանությունների հետ և ստեղծելով հասարակական այնպիսի կառույցները, ինչպիսիք են «Ղրիմը» և «Ղրիմի միասնությունը»», - լրագրողներին հայտնել է Սմիրնովը: «Ներկայումս այս երկու կազմակերպությունները, որոնք իսկապես ներկայացնում են Ղրիմի թաթարների շահերը, որոշել են միավորել իրենց ջանքները՝ աջակցություն հայտնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղրիմի առաջնորդ Սերգեյ Ակսիոնովի քաղաքական կուրսին», -ընդգծել է Սմիրնովը:
Նշենք, որ Ղրիմի թաթարների մեջլիսի առաջնորդներ Ռեֆատ Չուբարովը և Մուստաֆա Ջեմիլովը հանդես են գալիս Ղրիմի՝ Ռուսաստանին միավորելու դեմ և հեռացել են թերակղզուց: «Ծայրահեղական, ազգամիջյան թշնամանք հրահրող» հայտարարությունների պատճառով նրանց մուտքը Ռուսաստան արգելվել է:
Հատկանշական է, որ ուկրաինական կողմը թաթարական Մեջլիսն օգտագործում է տարաբնույթ շահարկումների համար: Նմանատիպ վերջին օրինակներից կարելի է համարել նոյեմբերի 12-ին ուկրաինական Ռադայի կողմից 1944 թվականին Ղրիմի թաթարների արտաքսումը որպես ցեղասպանություն ճանաչելը: Նման աջակցության դիմաց` Ղրիմի թաթարների մեջլիսի ղեկավարներն էլ պարբերաբար հանդես են գալիս Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու օգտին: Նրանք մշտապես ահազանգում են Ղրիմում ռուսական վերահսկողության հաստատումից հետո «թաթարների նկատմամբ խտրականության քաղաքականության» մասին: