Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների շրջանում կրկին ակտիվացել են միասնական արժույթ ունենալու հավանականության մասին լուրերը: Վերջին խոսակցություններն այդ թեմայով պայմանավորվեցին ՌԴ Պետդումայի ԱՊՀ-ի, Եվրասիական ինտեգրացիայի և համերկրացիների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիի հայտարարությամբ, համաձայն որի` ԵԱՏՄ-ում ակտիվ փուլ են մտել միասնական արժույթի ստեղծման աշխատանքները:
Քննարկումների նոր առիթ դարձավ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի կողմից արված մեկ այլ, ըստ էության ռուս պաշտոնյայի հայտարարությանը հակասող հայտարարությունը: Համաձայն վերջինիս, միասնական արժույթի անցումը տասնամյակներ է պահանջում:
Խնդրի հստակեցման համար Ջավադյանը փորձեց պարզաբանել՝ նշելով, որ Սլուցկու խոսքը վերաբերում է ոչ թե միասնական, այլ հաշվարկային արժույթի ներդրմանը՝ ևս մեկ անգամ պնդելով, որ միասնական արժույթին անցումը տասմանյակների, ոչ թե՝ մեկ-երկու տարվա խնդիր է:
Հաշվի առնելով մեր հանրությունում առկա տարակուսանքը՝ կապված թվացյալ հակասության հետ, հարկ ենք համարում հակիրճ ներկայացնել միասնական արժույթի ու հաշվարկային արժույթի միջև տարբերությունները:
Հաշվարկային արժույթն իրենից ներկայացնում է վերազգային հաշվարկային վճարամիջոց, որի ազդեցության տիրույթում գտնվող երկրները միմյանց միջև առևտրատնտեսական և այլ վճարային պարտավորությունները իրականացնում են դրանով: Սա նշանակում է, որ այդ տիրույթում գնտվող առանձին տնտեսություններից յուրաքանչյուրի ազգային արժույթները փոխարկելի են դառնում այդ վերազգային վճարամիջոցի նկատմամբ:
Այլ բան է միասնական արժույթը, ինչը ենթադրում է ազգային արժույթից մասնակի կամ բացարձակ հրաժարում՝ մեկ այլ արժույթով ներքին և արտաքին տնտեսավարումն իրականացնելու համար:
Գաղտնիք չէ, որ ԵԱՏՄ կողմից որդեգրած տնտեսական քաղաքականություն հիմնական բաղադրիչներից է օտարերկրյա արժույթներից միության համախառն տնտեսության կախվածության թուլացումը. միասնական հաշվարկային արժույթի ներդրումը կհանդիսանա հենց այդ ուղղությամբ արվող քայլ: Այն նաև կնպաստի ազգային տնտեսությունների կայունացմանը՝ ի դեմս ավելի կայուն ազգային արժույթներ ունենալու: