Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ բանտում գտնվող իրավապաշտպան Լեյլա Յունուսը ծանր վիճակում է: Contact.az-ի փոխանցմամբ՝ իրավապահները հրաժարվում են նրան տեղափոխել բուժկետ: Բացի այդ ազատազրկված իրավապաշտպանը դեռևս չի ստացել նաև հոկտեմբերի 30-ին բժշկի կողմից նշանակված դեղամիջոցները: Բազմաթիվ դիմումներն ու խնդրանքները Լեյլա Յունուսին տեղափոխելու վերաբերյալ, մնացել են անպատասխան: Ծանր ֆիզիկական վիճակը ազդել է նրա հոգեբանական վիճակի վրա:
«Լեյլա Յունուսին բուժկետ չեն տեղափոխում, դեղերը չեն տալիս, ձեռնափայտը ձեռքից վերցրել են, ինչպե՞ս է դա կոչվում: Միայն մեկ բառով՝ խոշտանգում: Անհրաժեշտ է դադարեցնել հիվանդ ու տարեց կնոջ նկատմամբ ծաղրուծանակը»,-նշում է լրատվամիջոցը:
Միաժամանակ իրավապաշտպանին ազատելու կոչով հանդես է եկել նաև ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեի համանախագահ, սենատոր Բեն Կարդինը: Վերջինս Բաքվին հորդորել է չեղարկել Յունուս ամուսիններին ներկայացված մեղադրանքները:
«Ես ողջունում եմ Արիֆ Յունուսի ազատ արձակումը՝ անարդար ձերբակալությունից ու դատապարտումից հետո: Արիֆ և Լեյլա Յունուսների դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն և վկայում են Ադրբեջանում մարդու իրավունքների անթույլատրելի վիճակի մասին: Ես անհանգստացած եմ, որ Արիֆ Յունուսի իրավական կարգավիճակը մնացել է նույնը՝ չնայած ազատ արձակմանը, ինչպես նաև խորապես մտահոգված եմ նրա կնոջ՝ Լեյլա Յունուսի երկարատև ազատազրկման վճռով»,- մասնավորապես նշել է սենատորը:
Նա նշել է, թե շարունակում է պնդել Ադրբեջանում օրենքի գերակայության լիիրավ վերականգնման ու Յունուս ամուսինների մեղադրանքները չեղարկելու հարցում։
«Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է դադարեցնի քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ ճնշումները»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ բանտից ստորագրությամբ ազատ էր արձակվել Արիֆ Յունուսը, ով շարունակում է գտնվել տնային կալանքի տակ: Դուրս գալով բանտից՝ վերջինս հայտարարել էր, թե շարունակելու է պայքարել, որպեսզի կինն ազատ արձակվի: «Հեպատիտ C-ով, շաքային դիաբետով, աչքերի խնդիրներով վեց վրահատություն տարած կնոջը բանտում պահելը հավասարազոր է նրան մահվան դատապարտելուն»,-մասնավորապես նշել էր Արիֆ Յունուսը:
Ինչպես նշում են շատ վերլուծաբաններ, այդ թվում՝ ադրբեջանական «Minval.az»-ի գլխավոր խմբագիր Էմիլ Մուսթաֆազադեն, Արիֆ Յունուսին ազատություն շնորհելու գործում մեծ նշանակություն է ունեցել նրա առողջական վիճակը: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում վերլուծաբանը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները, զգուշանալով միջազգային սկանդալից, շտապել են ազատել Արիֆին, քանի որ վերջինիս վիճակը վատթարանում էր օրեցոօր: Մուսթաֆազադեն հայտարարել է նաև, որ Արիֆի ազատ արձակումը եզակի դեպք է և, հազիվ թե, նախադեպ դառնա մյուս քաղբանտարկյալներին ազատություն շնորհելու հարցում: Ինչ վերաբերում է Լեյլա Յունուսին, ապա վերլուծաբանի կարծիքով, նրան ազատություն կշնորհվի միայն այն դեպքում, երբ առողջական վիճակը լինի կրիտիկական: