Մոլդովան ներքին քաղաքականությունը վերանայելու անհրաժեշտություն ունի: Երկրում շարունակվող ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է, որ փոխվի երկրի քաղաքական վերնախավը: Այս մասին հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով և հարևանության քաղաքականության եվրահանձնակատար Յոհաննես Հանը՝ Բրյուսելում Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Ադրիան Կանդուի հետ հանդիպման ժամանակ: Հանն ընդգծել է նաև մոլդովական նոր կառավարության կողմից բարեփոխումների ընթացքն արագացնելու և երկրում կարգ ու կանոն հաստատելու անհրաժեշտությունը:
Բրյուսելում Կանդուն հանդիպել է նաև ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի հետ: Վերջինս նշել է, որ Բրյուսելում Մոլդովայից վճռական գործողություններ են սպասում: «Մենք հարգում ենք Մոլդովայի ներքաղաքական դինամիկան և սպասում ենք մոլդովական քաղաքական դասից իրադրության կարգավորում», - նշել է եվրոպացի պաշտոնյան:
Կանդուն իր հերթին նշել է, որ մոլդովական քաղաքական դասի համար այժմ առաջնահերթ է հանդիսանում խորհրդարանական նոր կայուն մեծամասնության ձևավորումը, որը «կնշանակի կառավարություն և կվերսկսի բանակցություններն Արժույթի միջազգային հիմնադրամի հետ»: Խորհրդարանի խոսնակի խոսքերով՝ «եվրաինտեգրացիան ներկայիս փուլում հանդիսանում է Մոլդովայի ներքին, այլ ոչ թե արտաքին քաղաքականության մաս»:
Սակայն, ինչպես եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է Մոլդովայի հարցերով զեկուցողը, ԵՄ-ն «հիասթափված է և կորցնում է վստահությունը Մոլդովայի նկատմամբ երկրում տիրող ներքաղաքական իրավիճակի պատճառով»: «ԵՄ հարկավոր չէ ևս մեկ տարածաշրջանային հակամարտություն», - նշել է նա:
Հիշեցնենք, որ Մոլդովայում բողոքի ցույցերը չեն դադարում արդեն երեք ամիս: Հոկտեմբերի վերջին մոլդովական կառավարությունը ստիպված էր հրաժարական տալ, սակայն նույնիսկ դա չստիպեց ցուցարարներին ցրվել: Բողոքի ակցիաները շարունակվում են: Ցուցարարները պահանջում են նաև խորհրդարանի և նախագահի հրաժարականը:
Նշենք, որ Մոլդովայում քաղաքական նման ճգնաժամի առիթ դարձավ մոլդովական բանկերից 1 մլրդ եվրոյի անհետացումը, որի մեղավորները մինչ այժմ պատասխանատվության չեն ենթարկվել: Իշխանություններին կոռումպացվածության մեջ մեղադրող քաղաքացիների բողոքի ակցիաները հանգեցրել են մոլդովական արդեն երկու կառավարության հրաժարականի: