Ֆրանսիայում շուրջ 129 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումներից հետո Իրանի Հետախուզության նախարար Մահմուդ Ալավին զգուշացնում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կարող է իր հայացքն ուղղել Իրանի վրա:
Նոյեմբերի 15-ին խոսելով Թեհրանում կայացած անվտանգության համաժողովի ժամանակ` Ալավին զգուշացրել է, որ Իրանի համար ամենավտանգավոր սպառնալիքներից մեկը բխում է այն նույն ահաբեկչական խմբավորումից, որն իրականացրել է Բեյրութի և Փարիզի վրա տեղի ունեցած հարձակումները: Այս մասին հայտնում է Al-Monitor-ը:
Նշելով, որ Իրանն անհրաժեշտ նախազգուշական միջոցներ է ձեռնարկել, Իրանի Հետախուզության նախարարն ասել է. «Վերջին պայթյունները լուրջ նախազգուշացում են մեզ համար, որը մասնագետների քննարկման կարիքն ունի»:
Ահաբեկիչների կողմից Իրանին սպառնացող վտանգների մասին խոսել է նաև իրանական բանակի ցամաքային ուժերի հրամանատարը: Նա նշել է, որ Իրանի արևմտյան և արևելյան սահմանների մոտ ԻՊ-ի առկայությունը անհանգստության առիթ է: Իրանցի հրամատարն ասել է, որ Իրանի արևելյան սահմանի վրա` Իրաքի Դիյալա նահանգում, իրականացված հարձակման արդյունքում որոշում է կայացվել, որ եթե ԻՊ-ի ուժերը հայտնվեն իրանական սահմանից 25 մղոն հեռավորության վրա, իրանական զորքերը համապատասխան քայլեր կձեռնարկեն: Միաժամանակ նշվել է, որ հյուսիսային Աֆղանստանում Թալիբանի և ԻՊ-ի ուժերը միավորվել են «Իրան ներխուժելու համար», սակայն այս պահին ԻՊ-ի ուժերն անկարող են դա անել:
Արտաքին հարձակումներից բացի չի բացառվում, որ ԻՊ-ն կարող է պայթյուններ իրականացնել երկրի ներսում: Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ալ-Ջաաֆարին ավելի վաղ զգուշացրել էր, որ ԻՊ-ն հարձակումներ է ծրագրում Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում և Իրանում:
Նշենք, որ Իրանի վախերն անհիմն չեն: Իրանական իշխանությունները մեծապես աջակցում են Սիրիայի և Իրաքի կառավարություններին՝ ԻՊ-ի և մյուս ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Նախորդ տարիներին Իրանը հայտարարում էր, որ այս երկրներում գտնվող իրանցի զինվորականները միայն խորհրդատուներ են, սակայն սեպտեմբերից Սիրիայում սկսված լայնածավալ հարձակումներին Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի հազարավոր զինվորներ են մասնակցում: Հենց սա էլ լուրջ պատճառ է ԻՊ-ի թիրախ դառնալու համար:
Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո իրանցի գործիչները հայտարարեցին, որ ԻՊ-ի ստեղծման պատճառը Սիրիայում և Իրաքում Արևմուտքի կողմից իրականացվող քաղաքականությունն է: