Բրիտանական BBC աշխարհահռչակ լրատվամիջոցն օրերս մի հոդված է հրապարակել, որտեղ մի շարք փորձագետներ խորհուրդ են տալիս մարդկանց, թե ինչպես պահեն իրենց ահաբեկչության ժամանակ:
Փարիզի հարձակումներից հետո, օրինակ, բազմաթիվ մազապուրծ փրկված մարդիկ պատմել են, որ իրենք առաջին կրակոցները հրավառության հետ են շփոթել:
«Դա շատ բնորոշ է մարդու էությանը», - նշել է հայտնի հոգեբան Ջոն Լիխը, - «Մարդիկ, ովքեր չեն սպասում այդ պահին կրակոց լսել, միշտ էլ ենթադրում են, թե դա որևէ այլ ձայն է, որովհետև կրակոցի միտքը իրենց ակնկալիքներին որևէ կերպ չի համապատասխանում, - «Մենք արձագանքում ենք մեր գլխում ստեղծված մոդելներին, և չենք արձագանքում ուղղակիորեն շրջակա միջավայրին, իսկ դա հենց այն է, ինչը մեզ խոցելի է դարձնում», - ասել է հոգեբանը:
Այն ժամանակը, որ կարող է մեզնից պահանջվել հասկանալու համար, թե ինչ է կատարվում, կարող է լինել ճակատագրական: Բայց, եթե մարդն իրեն նախապես պատրաստի մի քանի վատագույն սցենարների, ապա նրա կողմնորոշվելու գործընթացը կլինի ավելի արագ: Բոլոր դեպքերում, ըստ Լիխի, դուք պետք է ձեզ նախապես մի հարց տաք `«եթե հանկարծ մի բան այնպես չընթանա, ինչպիսի՞ն պետք է լինի իմ առաջին արձագանքը»:
Բացի այդ, շատ հեշտ է նստել որևէ ռեստորանում կամ կինոթատրոնում առանց անգամ ուշադրություն դարձնելու «վթարային ելքերի» վրա: Բայց դրանց ճիշտ տեղն իմանալը շատ դեպքերում կարող է փրկել ձեր կյանքը: Օրինակ հենց ուրբաթ օրը Բատակլանի համերգային դահլիճում անվտանգության պահակախմբի անդամներից մեկը հասցրեց մի խումբ մարդկանց փրկել` նրանց բեմի ձախ կողմում գտնվող հատուկ «վթարային ելքից» դուրս հրելով:
Դժբախտաբար մարդկանց մեծամասնությունը արտակարգ իրավիճակներում չափազանց շփոթված է լինում և չի կարողանում արդյունավետ որոշում կայացնել: Ինչպես ցույց են տալիս հարցումները, միայն մարդկանց 15 տոկոսն է, որ կարողանում է ճիշտ արձագանքել իրավիճակին, մինչդեռ մեծամասնությունը` 75 տոկոսը, պարզապես քարանում ու չեն կողմնորոշվում` այդպիսով նվազեցնելով իրենց փրկության շանսերը, իսկ մարդկանց 10 տոկոսն ընդհանրապես սխալ ընտրություն է կատարում` իրերն ավելի վատթարացնելով և ավելի մեծ ռիսկի գնալով:
Բացի այդ, մարդկանց մոտ տարածված է մի շատ վատ սովորություն, որ նրանք երբեք առաջինը չեն գործում, մինչև մեկ ուրիշը տեղից չշարժվի և նրանց չուղղորդի: Այսինքն՝ մարդիկ հաճախ ավելորդ ու անիմաստ ժամանակ են վատնում մեկը մյուսին սպասելով և ինքնուրույն ոչինչ չնախաձեռնելով:
Մեկ ուրիշ փորձագետ՝ ռազմական ուսուցիչ Յան Ռիդը, խորհուրդ է տալիս միշտ աչքի առաջ ունենալ թաքնվելու տեղեր`լինի դա սեղան, աթոռ, որևէ պահարան կամ ցանկացած այլ բան: Եթե տարածությունն ընդարձակ ու դատարկ, և թաքնվելու տեղ առանձնապես չկա, ավելի լավ է գետնին պառկեք, և հնարավորության դեպքում սպանված ձևացեք: Նույն Փարիզի հարձակումներից հետո, ի դեպ, տասնյակ մարդկանց նման կերպ էր հաջողվել խույս տալ ահաբեկիչներից. անշարժ ու անձայն գամվել էին հատակին`մահացած ձևացնելով:
Եվ, վերջիվերջո, ըստ մասնագետների, միշտ էլ առաջին հերթին աչքի առաջ ունեցեք փախչելու տարբերակը: Դա իհարկե չափազանց ռիսկային է, բայց շատ դեպքեր կան, երբ այն ավելի քան արդարացված է:
Իսկ ահա կատարյալ տարբերակը երկար պատանդառության և ձգձգվող տառապանքների դեպքում, միասին թիմային աշխատանք տանելն ու խմբով համագործակցելն է, որն չնայած բարդ է ահաբեկչության սպառնալիքի տակ, սակայն՝ ամենաարդյունավետ:
Ըստ հոգեբանների`մարդիկ սովորաբար հակված են մեկը մյուսին օգնել և ձեռք մեկնել ծայրահեղ իրավիճակներում, և եթե նրանք փորձեն լեզու գտնել ու հասկացնել քայլերի հերթականությունն ամենավտանգավոր պահերին, ապա կարող են հերոսաբար խուսափել ամենավատ վախճանից…