Նիդեռլանդների կառավարությունը քննարկում է միգրացիոն քաղաքականության հարցում մի շարք երկրների հետ Շենգենյան գոտու նմանությամբ նրա առավել փոքր տարբերակը ստեղծելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է De Telegraaf-ը՝ իր աղբյուրին հղումով: RTL հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կառավարությունն արդեն մի շարք քննարկումներ է անցկացրել այդ հարցով: «Նոր գոտու արտաքին սահմանները կպաշտպանվեն, իսկ առանց անձնագրերի ապաստան փնտրողների մուտքի կանխման համար կսահմանվի անձնագրային վերահսկողություն»,- հաղորդում է հեռուստաալիքը: «Փախստականների հոսքն այնքան մեծ է, որ անհրաժեշտ է ոչ ստանդարտ միջոցներ ձեռնակել», - նշել է Նիդեռլանդների խորհրդարանական Հալբե Զեյլստրուն:
De Telegraaf-ի տվյալներով՝ քննարկվում է երկու տարբերակ: Դրանցից մեկը նախատեսում է միասնական սահմանային հսկողությամբ առանց վիզային գոտու ստեղծում, որի մեջ Նիդեռլանդների հետ միասին կմտնեն Բելգիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան և Ավստրիան: Այդ միության սահմաններում կստեղծվեն նաև միգրանտների համար տարանցման ճամբարներ: Որպես այլընտրանքային տարբերակ քննարկվում է նման գոտու ստեղծումը Նիդեռլանդների և Բելգիայի միջև: Սակայն պարբերականն այդ միության հետ կապված մանրամասներ չի հաղորդում:
Ներեվրոպական սահմաների բաց լինելու խնդիրը Եվրոպա միգրանտների մեծ հոսքերի պատճառով դարձել է ամենաարդիական խնդիրներից մեկը: ԵՄ սահմանային հսկողության Frontex գործակալության տվյալներով՝ Եվրամիության սահմանները 2015 թվականին անցել է 1,2 միլիարդ փախստական: Նիդեռլանդների ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ տարվա սկզբից երկիր են ժամանել 45 հազար միգրանտներ, որոնցից միայն 11.7 հազարը գրանցվել են հոկտեմբերին:
Հարկ է նշել, որ Փարիզյան ահաբեկչություններից հետո Ֆինլանդիան կոչ է արել ժամանակավորապես սահմանային հսկողություն մտցնել Շենգենյան գոտու երկրների համար: Սակայն ԵՄ-ում նախագահող Լյուքսեմբուրգի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Էթիեն Շնայդերը հայտարարել է, որ Շենգենյան գոտու վերացումը չի կարող օգնել ահաբեկչության դեմ պայքարին և վտանգի տակ կդնի եվրոպական ինտեգրացիան:
Շենգենյան գոտին, որի մեջ մտնում են ԵՄ անդամ 22 երկիր և եվրոպական 4 երկիր՝ Շվեյցարիան, Լիխտեյնշտեյնը, Նորվեգիան և Իսլանդիան, ենթադրում է իր սահմաններում ազատ՝ առանց վիզաների տեղաշարժ: