Եվրոպական երկրներն այսօր բախվել են իսլամական ծայրահեղականության աճի հետ: Վերջին ահաբեկչությունների ֆոնին փորձ է արվում սա ներկայացնել որպես քրիստոնական և իսլամական քաղաքակրթությունների բախում, որն առաջացել է անհաղթահարելի տարաձայնությունների պատճառով: Խնդրի հետ կապված հատկանշական է Տիբեթի առաջնորդ Դալայ Լամայի այն մեկնաբանությունը, ըստ որի «այն խնդիրները, որոնց մենք այսօր բախվում ենք, կրոնական հավատքների և ազգությունների շուրջ մակերեսային տարաձայնությունների արդյունք են»:
Առհասարակ, ծայրահեղականության աննախադեպ աճ նկատվում է ողջ աշխարհում: Ահաբեկչության համաշխարհային ինդեքսը (Global Terrorism Index) ցույց է տալիս, որ 2014 թվականին ահաբեկչության հետևանքով սպանված մարդկանց թիվը կրկնապատկկվել է` 2013 թվականի շուրջ 18 հազարի փոխարեն հասնելով շուրջ 33 հազարի: Ընդ որում, 2014 թվականին իրականացված ահաբեկչությունների 51 տոկոսի համար պատասխանտու են «Իսլամական պետություն» և «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորումները: Մասնագետները նաև ընդգծում են, որ Եվրոպային սպառնացող գլխավոր վտանգը հիմնականում բխում է ԻՊ-ից:
Զեկույցը մի շարք հետաքրքրի բացահայտումներ է անում: Պարզվում է, որ ամենաշատ բռնություններն իրականացվել են Իրաքում և Նիգերիայում` միաժամանակ արձանագրելով ահաբեկչության հետևանքով տուժած երկրների աննախադեպ աճ: Սա պայմանավորված է մի շարք պատճառներով: Դրանցից գլխավորն այն է̦ որ այս խմբավորումներն ավելի են ընդլայնվում: Ինչպես մեջբերում է Independent-ը, 2011 թվականից ի վեր ավելի քան 25 հազար մարդ միացել է ԻՊ-ին:
Խնդրի հետ կապված մի քանի կարևոր տվյալներ մեջբերենք, որոնք ներկայացնում է Huffington Post-ը: Statista-ի տվյաների համաձայն՝ Բելգիան ԵՄ երկրներից ԻՊ-ին ամենաշատ զինյալներ մատակարարած երկիրն է: Բելգիայում ծայրահեղականության աճը խթանող մի շարք պատճառներ կան` սկսած Հյուսիսային Աֆրիկայից հետպատերազմյան ներգաղթից մինչև ատելության քարոզիչներ, գետտոներ, աղքատություն և մարգինալացում: Իսլամական ծայրահեղականությունը Բելգիայում երկար պատմություն ունի: Երկրի իշխանությունների տվյալներով՝ շուրջ 500 բերլգիացի է միացում սիրիական հակամարտությանը, նրանցից 130-ը վերադարձել է, 77-ը` մահացել, ևս 200 բելգիացի դեռ Սիրիայում է:
Եվրոպան այսօր բոլոր մուսուլմաններին ահաբեկիչ որակելու կամ նրանց տարանջատելու դժվարին խնդրի առաջ է կանգնել: Այնուամենայնիվ, եվրոպացիները պետք է գիտակցեն, որ մուսուլմանական աշխարհը արևմտյան քաղաքակրթությանը ոչ միայն ահաբեկիչներ է տվել̦ այն նաև այնպիսի հանճարներ, ինչպիսին է սիրիացի միգրանտի որդի Սթիբ Ջոբսը: