«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության Թուրքիա փախած հրամանատար Սաիդը թուրքական Cumhuriyet թերթին պատմել է կազմակերպության հետախուզական աշխատանքների, Թուրքիայի հետ ունեցած սերտ կապերի և կազմակերպության թուրք զինյալների մասին: Սաիդը, ով Սիրիայի Ալ Բաբ քաղաքում եղել է ԻՊ-ի հետախուզության հրամանատար, անդրադարձել է հավաքագրված զինյալների` Թուրքիայից Սիրիա անցումը կազմակերպելու, Թուրքիայի ու ԻՊ-ի հետախուզությունների գործակցության թեմաներին:
«ԻՊ-ը դեռ կարողանու՞մ է Թուրքիայի տարածքով զինյալներ հավաքագրել, թե՞ արդեն ամբողջությամբ դադարել է այդ գործընթացը» հարցին ի պատասխան Սաիդն ասել է.
«Գիտեմ, որ առաջվա պես չէ: Երկար ժամանակ ԻՊ-ի համար «բաց անցակետ»-ի ռեժիմ էր կիրառվում: Այս պահին արդեն Թել Աբյադը քրդերի ձեռքում է: Միայն Քիլիսի կողմից է հնարավոր զինյալներ անցկացնել: Ալ Նուսրան (Ալ Քաիդա) և ԻՊ-ը շարունակում են Քիլիսի կողմից մարդ անցկացնել: Նույնիսկ Քիլիսում 2 մզկիթ կա, որոնցից մեկն օգտագործվում է Ալ Քաիդային, մյուսը` ԻՊ-ին անդամագրվելու գնացողների համար: Այդ մզկիթներում կազմակերպությունների ներկայացուցիչներն են գտնվում և այդ մզկիթներից դեռ շարունակում են Սիրիա մարդիկ ուղարկել»,- պատմել է ԻՊ-ի նախկին հրամանատարը, գրում է Ermenihaber.am-ը:
Վերջինս պատմել է նաև սիրիական Քոբանի քաղաքի կռիվների ժամանակ ԻՊ-ի և թուրքական հետախուզության սերտ գործակցության մասին: