Եվրոպական հանձնաժողովը հանդես է գալիս Եվրոպական միության Միացյալ հետախուզական ծառայության ստեղծման օգտին: Այս մասին հայտարարել է ներգաղթի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով հանձնարակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը՝ անվտանգության խնդիրների շուրջ ԵՄ ներքին գործերի նախարարների արտահերթ քննարկումների ֆոնին: Առաջարկը կապված է այն մտավախության հետ, թե ինչպես են 129 մարդու կյանք խլած ահաբեկիչները կարողացել տևական ժամանակ տեղաշարժվել ԵՄ երկրներում:
«Այս հանդիպումը շատ կարևոր է: Շառլի Հոբդոյից հետո ես առաջարկեցի հակաահաբեկչական կետրոն ստեղծել, և դա ի վերջո արվեց», - Բրյուսելում լրագրողներին ասել է եվրահանձնակատարը: «Կարծում եմ, որ հիմա ժամանակն է ևս մեկ քայլ առաջ գնալ՝ եվրոպական հետախուզական ծառայության հիմնադրման հիմքեր ստեղծելու համար»̦ - եվրահանձնակարատարի խոսքերը մեջբերում է AFP-ն:
Արդեն մի քանի տարի է եվրոպական արտաքին քաղաքական ծառայությանը կից գործում է ԵՄ հետախուզական տվյալների վերլուծության կենտրոնը: Այն ուսումնասիրում է ԵՄ ծառայությունների կողմից ներկայացված տվյալները, սակայն ինքնուրույն տեղեկատվություն հավաքելու լիազորություն չունի:
Եվրոպական մի շարք երկրներ, մասնավորապես՝ Գերմանիան, դեմ է միացյալ հետախուզական գործակալության ստեղծմանը` նշելով, որ այն կխախտի եվրոպական երկրների ինքնիշխանությունը, որոնց մեծ մասը զգուշանում է իր հետախուզական տվյալները տրամադրել մյուսներին:
«Մենք չպետք է մեր ջանքերը կենտրոնացնենք նոր հետախուզական ծառայության ստեղծման վրա: Ես չեմ կարծում, թե մենք պատրաստ չենք զիջել մեզ ազգային ինքնիշխանությունը: Պետք է փորձենք բարելավել տեղեկատվության փոխանակումն արդեն գոյություն ունեցող ինստիտուտների միջև», - հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարարը:
Ակնկալվում է, որ Բրյուսելում հավաքված ԵՄ անդամ-երկրների ներքին գործերի նախարարները Փարիզի ահաբեկչական հարձակումներից հետո պետք է խստացնեն Շենգենյան գոտու արտաքին սահմանների վրա բոլոր ճանապարհորդների ստուգումները: Ինչպես հայտնում է dpa գործակալությունը̦ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն ասել է, որ այս որոշման ժամանակն արդեն հասունացել է:
Արտահերթ բանակցություններին մասնակցում են նաև ԵՄ արդարադատության նախարարները: