Եվրասիական տնտեսական միությունը դեռևս կայացման փուլում է: Կայացման գործընթացը կարելի է տարանջատել երկու հիմնական մասի՝ կայացում ներքին գործընթացների ամբողջականացմամբ ու կայացում միջազգային հանրության ընկալումներում: Առաջին մասով, որոշակի առանձնահատկություններով հանդերձ, քայլեր կատարվում են: Ինչ վերաբերում է երկրորդ խնդրին, ապա այս առումով ևս նկատվում է որոշակի առաջընթաց: Այս տեսանկյունից բավական հետաքրքիր է ԵԱՏՄ կողմից ձեռնարկվող քայլերն՝ ուղղված համաշխարհային տնտեսությունում սեփական դիրքի ու նշանակության ձեռքբերմանը:
Ասվածի ամենաթարմ օրինակներից է դեռևս նախորդ ամսվա կեսերին ԵԱՏՄ կողմից ԵՄ ուղղված պաշտոնական առաջարկը՝ ազատ առևտրի գոտի ստեղծելու հետ կապված, որին օրերս պաշտոնական նամակով պատասխանել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Չնայած պատասխան նամակի որոշակի անորոշությանը և դրանում առաջ քաշվող նախապայմաններին (ուկրաինական ճգնաժամի հետ կապված), այնուամենայնիվ Եվրահանձնաժողովի կողմից ԵՄ-ի և ԵԱՏՄ միջև համագործակցության սերտացման և առևտրային կապերի ամրապնդման հնարավության դիտարկումն արդեն իսկ բավական խոսուն և էական փաստ է:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հնարավոր համագործակցությունը վերաբերում է ոչ թե «երկիր-երկիր» կամ «երկիր-միություն», այլ «միություն-միությունը» ձևաչափին, կարելի է պնդել, որ համագործակցության վերջնական փաստաթղթի մշակումը և պատրաստումն այս երկու տնտեսական միությունների իրենից կներկայացնի բավական բարդ և համապարփակ գործընթաց: Հարկ է նշել նաև, որ, չնայած բարդությանըմ այն անհնար չէ, ինչի մասին է վկայում նաև համաշխարհային փորձը (օրինակ ԵՄ-ՄԵՐԿՈՍՈՒՐ, ԵՄ-ՍԾՏՀԿ (Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն) համագործակցություն):
Ինչ վերաբերում է հնարավոր քաղաքական հնարավոր խոչընդոտներին, ապա այսօր և՛ Եվրամիության, և՛ Եվրասիական տնտեսական միության տնտեսական շահերից է բխում հնարավոր համագործակցության մեկնարկը: Միաժամանակ չպետք է բացառել նաև, որ հնարավոր համագործակցության ձևավորման գործընթացը բավական կձգձգվի՝ հաշվի առնելով քաղաքական շահերի ազդեցության անխուսափելիությունը, սակայն միանշանակ կարող ենք փաստել, որ երկուստեք առկա է համագործակցության կամք, որը հիմնված է տնտեսական շահի հստակ գիտակցման վրա: Իսկ այն, որ տնտեսական շահն ամենաուժեղ խթանող գործոններից է, որևէ մեկի համար նորություն չէ: