Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջիկա շաբաթը տրամադրել է համաշխարհային առաջնորդների հետ հանդիպումներին՝ Փարիզի ահաբեկչությունից հետո ԻՊ դեմ գործողությունները քննարկելու նպատակով: Օլանդն արդեն հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին, առաջիկայում սպասվում է նրա հանդիպումն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Չորեքշաբթի Փարիզում նախատեսվում է Ֆրանսիայի նախագահի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, հինգշաբթի՝ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ: Այնուհետև Ֆրանսիայի նախագահը կուղևորվի Մոսկվա՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինին:
Մինչ այդ Մեծ Բրիտանիայի վարչապետն արդեն խոստացել է աջակցել Ֆրանսիային ԻՊ դեմ պայքարում: Բանակցությունների արդյունքում Օլանդը հայտարարել է, թե իրենք մտադիր են ակտիվացնել ԻՊ դիրքերի դեմ հարվածները: «Թիրախները կընտրենք այնպես, որպեսզի ահաբեկիչների բանակին հնարավորինս մեծ վնաս հասցվի»,-նշել է Օլանդը՝ հիշեցնելով, որ «Շառլ դը Գոլ» ավիակիրն արդեն Միջերկրականի արևելյան հատվածում է:
Դևիդ Քեմերոնն իր հերթին նշել է, թե խրախուսում է Սիրիայում ԻՊ դեմ պայքարում Օլանդի նախաձեռնած գործողությունները: «Ես վստահ եմ, որ նույն կերպ պետք է վարվի նաև Բրիտանիան: Հասկանալի է՝ համապատասխան որոշմանը հավանություն պետք է տա խորհրդարանը: Այսօր ես Ֆրանսիային առաջարկել եմ ԻՊ դեմ պայքարում օգտագործել Կիպրոսի բրիտանական ռազմակայանը»,-նշել է Քեմերոնը:
Այս ամենի ֆոնին ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել համատեղել ջանքերն ահաբեկիչների դեմ պայքարում: Կուալա-Լումպուրում ԱՍԵԱՆ գագաթաժողովին նա մասնավորապես ԱՄՆ-ին և Ռուսաստանին կոչ է արել մինչև մյուս տարեսկիզբ մշակել և միջազգային հանրությանը ներկայացնել ծայրահեղականության և բռնության բոլոր դրսևորումների դեմ պայքարի միասնական ծրագիր: ԱՄՆ նախագահը, ով ևս ներկա է եղել գագաթաժողովին, խոստացել է ԻՊ առաջնորդների դեմ որս սկսել, խմբավորմանը զրկել ֆինանսավորման աղբյուրներից և ազատագրել ծայրահեղականների կողմից զավթված տարածքները: «ԻՊ-ին ոչնչացնելն իրատեսական նպատակ է, և դա կիրականացվի: Լիովին օգտակար կլիներ, եթե Ռուսաստանն ուժերը կենտրոնացներ այս խմբավորման դեմ»,-նշել է Օբաման:
Հանդիպմանը ՌԴ նախագահը ներկա չի եղել: Սակայն ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ Սիրիայի գործողություններին մասնակցող ռուսական ավիացիոն խմբավորումը կրկնակի ավելացվել է՝ կազմելով 69 ինքնաթիռ, որոնք յուրաքանչյուր օր 140 թռիչէ են կատարում՝ հարվածներ հասցնելով ԻՊ դիրքերին: