Փարիզում ահաբեկչական հարձակումներից հետո եվրոպական երկրներում կտրուկ ավելացել են բացասական տրամադրությունները մահմեդականների ու փախստականների նկատմամբ:
Սկզբում փախստականներին ավելի շատ խղճմտանքով ու կարեկցանքով էին վերաբերվում, շատ դեպքերում պատրաստ էին օգնել̦ սակայն Փարիզի ողբերգական իրադարձություններից հետո տրամադրությունները փոխվել են և գլուխ է բարձրացրել իսլամաֆոբիան: Ֆրանսիայում որոշ վայրերում սկսել են պատերին կոպիտ հայհոյախառն գրություններ հայտնվել մահմեդականների վերաբերյալ Մեծ Բրիտանիայում հարձակումներ են տեղի ունեցել հիջաբով կանանց վրա̦ իսկ Գերմանիայում անգամ փախստականների ճամբարներ են այրվել:
Ըստ իսլամաֆոբիայի հարցերով աշխատանքային խմբի տվյալների՝ Փարիզի դեպքերից ընդամենը մեկ շաբաթ անց կրոնական ատելության հողի վրա ավելի քան 120 հարձակումներ են տեղի ունեցել: Հիմնականում հարձակման են ենթարկվում 14-45 տարեկան աղջիկներն ու կանայք, ովքեր հիջաբ են հագնում̦ իսկ այդ հարձակումներն իրականացնում են հիմնականում 15-35 տարեկան տեղացի տղամարդիկ՝ այն էլ հասարակական վայրերում:
Ինչ վերաբերում է գրություններին և փողոցներում հնչող վիրավորական արտահայտություններին, ապա դրանցից ամենատարածվածներն են «ահաբեկիչներ»̦ «մարդասպաններ»̦ «պայթեցնողներ» և այլ արտահայտությունները:
Սակայն բազմաթիվ քաղաքական գործիչներ ամեն կերպ փորձում են բացատրել ժողովրդին, որ «Իսլամական պետության» ահաբեկիչների և Մերձավոր Արևելքից Եվրոպա ժամանող փախստականների միջև իրականում ոչ մի կապ չկա, որ ամենից հաճախ հենց փախստականներն են դառնում այդ նույն ահաբեկիչների զոհերը:
««Իսլամական պետությունն» իսլամի հետ կապ չունի: Դա իրականում բարբարոսական պետություն է և մենք դատապարտում ենք նրանց»̦ - հայտնում են շարքային մահմեդականները Եվրոպայի փողոցներում:
«Մենք ահաբեկիչներ չենք», «Նրանք իրավունք չունեն գործել մեր անունից»̦ - վրդովվում են նրանք՝ մեջբերելով քառյակներ Ղուրանից, որը դատապարտում է առաջին հերթին հենց սպանությունը:
Փարիզում, որը դեռ չի ապաքինվել վերջին հարվածից, մահմեդականներն օրերս նույնիսկ հատուկ ֆլեշմոբ էին կազմակերպել՝ առաջարկելով գրկել անցորդներին՝ «Իսլամը խաղաղության կրոն է» խոսքերն արտասանելով:
Ինչևէ̦ որպեսզի իսլամաֆոբիան Եվրոպայում նվազի և տեղացիներն այդքան ագրեսիվ չվերաբերվեն նորեկներին̦ առաջարկվում է, որ կառավարությունները կոնկրետ քայլեր ձեռնարկեն պաշտոնապես ճանաչելու իսլամաֆոբիան՝ որպես մարդու իրավունքների հիմնարար խախտում և սոցիալական համախմբվածության սպառնալիք: Անհրաժեշտ է համարվում շարունակաբար վերահսկել իսլամաֆոբիայի ակտերն ու ճանաչել մահմեդական կանանց՝ համալսարաններում և աշխատատեղերում գլխաշոր կրելու իրավունքը:
Եվրոպան այսօր կանգնած է լուրջ ճգնաժամի եզրին, երբ արդեն շատերի կողմից ժողովրդավարության հումանիստական սկզբունքները հակադրության մեջ են դիտարկվում ազգային անվտանգության խնդիրների հետ: Հենց դրանով էլ պայմանավորված է վերջին շրջանում ողջ Եվրոպայում աջակողմյան տարբեր շարժումների ձևավորումն ու ակտիվացումը, հակամիգրացիոն կուսակցությունների առաջխաղացումն ու հաղթանակը ԵՄ տարբեր անդամ-երկրներում̦ ինչն էլ նոր մարտահրավեր է ժողովրդավար Եվրոպայի համար: