ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է Սարսանգի ջրամբարին առնչվող «Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում բնակիչները միտումնավոր ջրազրկվել են» վերնագրով բանաձևը: Ստորև ներկայացվում է բանաձևի տեքստն ամբողջությամբ, ոչ պաշտոնական թարգմանությամբ:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով
Նախնական տարբերակ
Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում բնակիչները միտումնավոր ջրազրկվել են
Սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողով
Զեկուցող. Միլիցա Մարկովիչ, Բոսնիա և Հերցեգովինա, Սոցիալիստական խումբ
Բանաձևի նախագիծ
1. Խորհրդարանական վեհաժողովը հիշեցնում է Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետություններին, որ ջրի իրավունքը կարևոր է կյանքի և առողջության համար, ինչպես նշված է ՄԱԿ-ի 1992 թ.-ի ջրային կոնվենցիայում, և ուստի նախապայման է մարդու մյուս բոլոր իրավունքներից օգտվելու համար: Վեհաժողովն ընդգծում է պետությունների պարտավորությունը՝ ապահովելու ջրային ռեսուրսների անվտանգ̦մատչելի և բավարար հասանելիությունն իրենց բնակչության համար:
2. Վեհաժողովը նկատի ունի ազատ մուտքը դեպի խմելու ջուրը, որը՝ որպես մարդու հիմնարար իրավունք, կյանքի աղբյուր և ռազմավարական կարևորություն ունեցող սեփականություն, յուրաքանչյուրի պետության համար չի կարող սահմանափակվել սահմանների գոյության պատճառով: Վեհաժողովը հաստատում է, որ կանխամտածված ջրազրկումը չի կարող օգտագործվել որպես անմեղ քաղաքացիներին վնասելու միջոց:
3. Վեհաժողովը կարծում է, որ շրջակա միջավայրի արհեստական ճգնաժամի կանխամտածված ստեղծումը պետք է համարվի «շրջակա միջավայրի միջոցով ագրեսիա» (“environmental aggression”) և դիտվի որպես թշնամական ակտ մի պետության կողմից մյուսի հանդեպ, որի նպատակն է ստեղծել բնապահպանական աղետի գոտիներ և անհնար դարձնել տվյալ բնակչության բնականոն կյանքը:
4. Վեհաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և հարակից այլ տարածքների օկուպացիան ստեղծում է նմանատիպ հումանիտար և շրջակա միջավայրի խնդիրներ Ադրբեջանի քաղաքացիների համար, ովքեր ապրում են Դաշտային Ղարաբաղի հովիտներում:
5. Վեհաժողովը նշում է, որ ավելի քան 20 տարվա կանոնավոր աշխատանքի պակասը Սարսանգի ջրամբարում, որը գտնվում է Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներից մեկում, վտանգ է ներկայացնում սահմանամերձ ողջ տարածաշրջանի համար: Վեհաժողովը նշում է, որ անսարքության վիճակը Սարսանգի ջրամբարում կարող է հանգեցնել մարդկային մեծ կորուստներով խոշոր աղետի, ինչպես նաև թարմ հումանիտար ճգնաժամի:
6. Հաշվի առնելով այս հրատապ մարդասիրական խնդիրը` Վեհաժողովը խնդրում է.
6.1. Հայկական զինված ուժերի արագ դուրսբերումը տվյալ տարածաշրջանից, ինչը թույլ կտա՝
6.1.1. անկախ ինժեներների և ջրաբանների մուտքը` տեղում մանրամասն
հետազոտություն իրականացնելու նպատակով,
6.1.2. գլոբալ կառավարում ամբողջ տարածքով մեկ, Սարսանգի ջրի
օգտագործում և պահպանում,
6.1.3. ոռոգման ջրանցքների, Սարսանգի և
Մատաղիսի պատնեշների դրության, աշնանն ու ձմռանը ջրային
մատակարարման ժամանակացույցի, ջրատար խողովակների
գերշահագործման միջազգային վերահսկողություն:
6.2. Հայաստանի իշխանությունները պետք է դադարեն օգտագործել ջրային ռեսուրսները՝ որպես քաղաքական ազդեցության գործիք կամ ճնշման միջոց՝ ի շահ հակամարտության կողմերից միայն մեկի:
7. Վեհաժողովը խստորեն դատապարտում է Հայաստանի իշխանությունների և հայկական խորհրդարանական պատվիրակության համագործակցության պակասը այս զեկույցի նախապատրաստման ընթացքում: Վեհաժողովը անհամատեղելի է համարում նման վարքագիծը մի երկրի ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների հետ, որը Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ է:
Վեհաժողովը կքննարկի, թե ինչ միջոցներ ձեռնարկի այս և յուրաքանչյուր նման դեպքում, որոնք կարող են առաջանալ իր պատգամավորների գործունեության ընթացքում:
Բանաձևի նախագիծն ընդունվել է հանձնաժողովի կողմից 2015 թ.-ի նոյեմբերի 23-ին: