Նոյեմբերի 25-ին մեկնարկել է «Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան» ծրագրի առաջին թրեյնինգը, որը իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Ծրագրի առաջին օրը նվիրված էր Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումներին՝ մասնավորապես Վրաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքականությանը: Հրավիրված բանախոսները՝ «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Նարեկ Մինասյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի Տարածաշրջանային հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար Մանվել Ղումաշյանը, մանրամասն ներկայացրին Վրաստանի և Ադրբեջանի՝ հարևանների հետ ունեցած հարաբերությունները, առկա խնդիրները, երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավոր միտումները:
Թրեյնինգի՝ Վրաստանին առնչվող բաժնում Նարեկ Մինասյանը նշեց, որ այս երկրի վերջին շրջանի տարածաշրջանային քաղաքականության վրա որոշակի ազդեցություն են ունեցել այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են 2004թ.-ի Վարդերի հեղափոխությունը, 2008թ. օգոստոսյան պատերազմը և 2012թ.-ին Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը: Վրաստանի տարածաշրջանային քաղաքականության համատեքստում ներկայացվեց արտաքին քաղաքական վեկտորների փոփոխականությունը և առաջացած վակուումների փոխլրացումը մյուս վեկտորների հաշվին:
Բանախոսն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Վրաստանի ներկայիս իշխանությունների արտաքին քաղաքականությունը, ի տարբերություն Սահակաշվիլիի վարչակարգի օրոք իրականացվող քաղաքականության, ունի որոշակի առանձնահատկություններ: Խոսքը վերաբերում է Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում նկատվող «ձնհալին», ինչպես նաև երկխոսության շնորհիվ հումանիտար և տնտեսական փոքր խնդիրների հաղթահարմանը: Բանախոսը կարևորեց նաև վրացական իշխանությունների որդեգրած նոր մոտեցումները՝ աբխազական և հարավօսական հակամարտությունների հետ կապված, որի հիմքում ընկած են ինչպես հռետորաբանության մեղմացումը, այնպես էլ կառուցողական նախաձեռնողականությունը: Անդրադարձ եղավ նաև Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ամրապնդվող առանցքին, որի շրջանակներում պարբերական բնույթ են ստանում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումները, ինչը, բնականաբար, որոշակի սպառնալիքներ է պարունակում նաև Հայաստանի համար:
Ինչ վերաբերում է Հայաստան-Վրաստան հարաբերություններին, փորձագետը նշեց, որ երկկողմ հարաբերություններում վերջին մեկ տարում նկատվում է զգալի ջերմացում: Մասնավորապես ընդգծվեց երկկողմ փոխայցելությունների հաճախակիացումը և համագործակցության ամրապնդման վերաբերյալ կողմերի մոտ քաղաքական կամքի առկայությունը: Ծավալված քննարկման արդյունքում, որպես հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման միջոցներ՝ առանձնացվել են՝
- Վրաստանի հասարակական-քաղաքական կյանքին Ջավախքի լիարժեք ինտեգրումը միաժամանակ ազգային ինքնության պահպանմամբ,
- Հայ և վրաց հանրությունների փոխճանաչման մակարդակի բարձրացմանն ուղղված երկկողմ միջոցառումների կազմակերպումը մշակութային, հոգևոր, կրթական և այլ ոլորտներում,
- Վրաստանի և Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների արդյունքում ստեղծված հնարավորությունները միմյանց համար տնտեսական փոխգործակցության լավագույն պայմանների ապահովման համար ծառայեցնելը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի վարած տարածաշրջանային քաղաքականությանը, ապա տվյալ թեմայով հիմնական բանախոս Մանվել Ղումաշյանն ընդգծեց, որ Բաքուն իրականացվող քաղաքականության հիմքում փորձում է դնել տարբեր ուժային վեկտորներից իր հարաբերական անկախության սկզբունքը: Ըստ բանախոսի՝ Բաքվի կողմից իրականացվող տարածաշրջանային քաղաքականության հիմքում ընկած է հիմնական երկու դրույթ՝ 1. տարածաշրջանային էներգետիկ նախագծերի իրականացմամբ ապահովել կայուն ֆինանսական հոսքեր, և 2. հնարավորինս պահպանել և ուժեղացնել Հայաստանի նկատմամբ իրականացվող շրջափակման քաղաքականությունը: Միաժամանակ նշվեց, որ Ադրբեջանը, մտավախություններ ունենալով Իրանի կողմից ազդեցության հնարավոր մեծացումից, փորձում է հնարավորինս աջակցել Թուրքիային տարածաշրջանում սեփական դիրքերը պահպանելու պայքարում:
Բանախոսի կողմից շեշտվեց այն գաղափարը, որ ցանկացած երկրի արտաքին քաղաքականություն ներքին քաղաքականության շարունակությունն է: Հենց այս տրամաբանության համատեքստում ներկայացվեց Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ: Մասնավորապես նշվեց, որ Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում Ադրբեջանի ցուցաբերած ապակառուցողական մոտեցումը և ռազմական հռետորաբանության կիրառման հաճախակիացումը մի կողմից երկրի բնակչությանը սոցիալ-տնտեսական խնդիրներից շեղելու, մյուս կողմից ալիևյան կլանի իշխանությունը պահպանելու միջոց են: Մասնակիցների կողմից Ադրբեջանի որդեգրած ապակառուցողականության համատեքստում դիտարկվեցին նաև հայկական կողմերի հետ խաղաղաշինական ծրագրեր իրականացնող ադրբեջանցի քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ կիրառվող հալածանքները և մարդու իրավունքների խախտման դեպքերը:
Ամփոփելով թեման՝ բանախոսը և թրեյնինգի մասնակիցները հանգեցին այն մտքին, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում հնարավոր դրական հեռանկարների մասին խոսելու համար դեռ վաղ է, քանզի դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է փոխվստահության մթնոլորտի ձևավորում: