Ադոլֆ Հիտլերի «Մայն Կամպֆ» գիրքը 70 տարվա ընթացքում առաջին անգամ կվերահրատարակվի հաջորդ տարվա հունվարին Մյունխենում:
Գիրքը կհրատարակվի 4000 օրինակով, որտեղ կլինեն շուրջ 3500 մեկնաբանություն, որոնք պատրաստել են պատմաբանները, գրականագետները, նացիզմի մասնագետները:
«Մայն կամպֆի» հեղինակային իրավունքը պատկանում է Բավարիայի իշխանություններին, որոնք միշտ հրաժարվել են վերահրատարակել աշխատանքը: Գերմանիայի օրենքների համաձայն, հեղինակի մահվանից 70 տարի անց տեքստը դառնում է հանրային սեփականություն, ինչը նշանակում է, որ 2016 թվականից սկսած ցանկացած հրատարակիչ կարող է տպել գիրքը:
Հիտլերը «Մայն Կամպֆը» գրել է 1924 թվականին բանտում: Գրքում հեղինակը շարադրել է նացիոնալ-սոցիալիզմի գաղափարները: Այն առաջին անգամ հրատարակվել է 1925 թվականին, իսկ Հիտլերի իշխանության գալուց հետո այն Գերմանիայի ամենաշատ հրատարակվող գիրքն էր: