Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) որոշել է ընդգրկել յուանը միջազգային արժութային զամբյուղում՝ SDR-ում: ԱՄՀ Գործադիր խորհրդի՝ նոյեմբերի 30-ին ընդունած որոշմամբ միջազգային արժութային զամբյուղում կկատարվեն վերջին 15 տարիների ընթացքում առաջին փոփոխությունները:
Փոխառության հատուկ իրավունքներ՝ SDR
Ոչ արժույթ, ոչ փոխառու միջոց հանդիսացող պահուստային այս միջոցը Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ստեղծվել է 1969թ.: Ըստ էության այն իրենից ներկայացնում է ԱՄՀ անդամ հանդիսացող երկրների կողմից վճարված անդամավճարների՝ քվոտաների համախումբ: Յուրաքանչյուր պետության ձայների քանակը գոյանում է նրա "բազային ձայներից", որը կազմում է 250 ձայն՝ գումարած 1 ձայն յուրաքանչյուր 100 հազար SDR քվոտայի դիմաց։
Անդամ երկրին SDR քվոտան տալիս է հնարավորություն ձեռք բերել զամբյուղում առկա արժույթներից որևիցէ մեկը ֆինանսական հաշվեկշռի ապահովման համար: Մինչ ԱՄՀ վերոնշյալ որոշումն, այդ արժույթները չորսն էին՝ դոլարը, եվրոն, ֆունտ սթերլինգն ու իենը:
Բնական է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի որոշումը ցնցել է ողջ ֆինանսական հանրությունը և դա զուր չէ, քանի որ արժույթի մասնակցությունը SDR-ին ենթադրում է այդ արժույթի միջազգայնացում:
Դեռևս 2009թ.-ին, Չինաստանի Ազգային բանկի ղեկավարի կողմից եղել են յուանն այդ համատեքստում դիտարկելու աննուղակի առաջարկներ, քանի որ 2008-ի ֆինանսատնտնտեսական ճգնաժամը «փաստեց գերկայուն միջազգային արժույթ ունենալու համաշխարհային տնտեսության կարիքի մասին»:
2010թ. Արժույթի միջազգային հիմնադրամը մերժեց յուանի մասնակցությունը զամբյուղին՝ մատնանշելով մի շարք ֆինանսական խնդիրներ ու բարեփոխումների անհրաժեշտություն, որոնք, ըստ էության, պաշտոնական Պեկինի կողմից իրականացվեցին:
Այժմ արդեն փաստը գրանցված է և միջազգային հարթակներում սկսվել է դրա հետևանքների փորձագիտական քննարկումների տրամաբանական շղթան:
SDR-ում յուանի մասնակցության գնահատականը համապարփակ ներկայացնելու համար՝ տարանջատենք երկու հիմնական հարց՝ ինչի՞ համար արվեց, ի՞նչ կտա փոփոխությունը: Ընդ որում, հարցերը ևս պետք է ներկայացնել տարանջատված՝ Չինաստանի ու համաշխարհային տնտեսության մյուս դերակատարների տեսանկյունից:
Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա տարիներ շարունակ Չինաստանը վարել է անշտապ քաղաքականություն՝ հենց միջազգային գերակշռություն ունենալու համար: Էժան աշխատուժի վրա հիմնված չինական հրաշքի հակառակ կողմն ի դեմս չինական էժան ապրանքներով աշխարհը գրավելու, դարձրեց այդ երկիրը համաշխարհային տնտեսության վրա ազդեցություն ունեցող անդամ: Վերջին տարիներին չինական արտադրության կողմնորոշումը ցածրորակ ապրանքներից անցում է կատարում դեպի որակավորված արտադրության: Հերթն աշխարհում որակյալ գերակշռություն ունենալունն է: Իսկ յուանի՝ միջազգային արժույթ դառնալու ձգտումները վերոնշյալ նպատակների հանգուցալուծումն է՝ ի դեմս համաշխարհային տնտեսության երրորդ բևեռի ձևավորման: Ճիշտ է, ԱՄՀ ներկայիս որոշումը դեռ ամբողջությամբ կանաչ լույս չի վառում Չինաստանի ընտրած այդ ճանապարհի վրա, քանի որ յուանը SDR-ի լիարժեք փոխարկելի արժույթ կդառնա միայն 2020թ.: Սակայն դժվարագույն քայլն արված է:
Հարցին, թե ներկայումս ԱՄՀ որոշումն ի՞նչ կտա չինական տնտեսությանը, պատասխանը ներդրումների հավանական աճն է: Standard Chartered բանկի կանխատեսումների համաձայն յուանի նոր ստատուսն առաջիկա հինգ տարիներին կապահովի 0.7-1 տրլն դոլարի օտարերկրյա ներդրում չինական ակտիվներում:
Նույն հարցերի պատասխանը՝ համաշխարհային հանրության տեսակետից պայմանավորվում է մի քանի հանգամանքներով: Արդեն տևական ժամանակ է, որ չինական տնտեսությունն այսպես թե այնպես հանդիսանում է միջազգային խաղացող, ազդում է տնտեսական գործընթացներին, սակայն չկա այդ երկրի վարած տնտեսական քաղաքականության վերահսկողության նկատմամբ որևէ լծակ: Յուանի՝ SDR-ում ընդգրկելու նախապայմանները՝ կապված չինական շուկայի ազատականացման ու պետական միջամտության թուլացման պահանջների կատարման հետ, մի կողմից տալիս են այդ լծակը: Մյուս կողմից, աշխարհի ֆինանսական ինստիտուտների ուշադրությունը սևեռված է հատկապես այն փաստի վրա, որ Չինաստանն աշխարհի առաջ կբացի իր ֆինանսական շուկան ու կկատարի պայմաններից մեկը՝ յուանի փոխարժեքի խիստ ֆիքսացիայի թուլացումը: Մասնավորապես, մասնակցությունը զամբյուղին ենթադրում է, որ Չինաստանի Ազգային բանկը օտարերկրյա ներդրողին պետք է նույն թափանցիկությունն ապահովի, ինչն ապահովում են Ֆեդերալ ռեզերվային համակարգն ու Եվրոպական կենտրոնական բանկը:
Ստացվում է, որ Չինաստանը մի կողմից, համաշխարհային հանրությունը մյուս կողմից կարողանում են կոմպենսացնել փոխադարձ շահերը և պահանջմունքները՝ ԱՄՀ որոշմանը տալով երկակի նշանակություն: