«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, որի ներկայացուցիչները երկրորդ օրն է՝ Երևանի Ազատության հրապարակում են գիշերում, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, 18:00-ի հանրահավաքից հետո վրաններ կտեղադրի հրապարակի տարածքում: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հերթական հանդիպմանը հայտարարեց «Ոտքի Հայաստանի» քաղխորհուրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:
«Այսօր հանրահավաքից հետո տեղադրվելու ենք վրաններ: Մենք հրապարակայնորեն դիմում ենք Մշակույթի նախարարությանը, իսկ եթե Մշակույթի նախարարությունը թույլ չտա, մշակույթի հուշարձանի մոտ վրաններ տեղադրել, մենք ստիպված կլինենք վրաններ տեղադրել առանց թույլտվության»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ հանրային փրկության ճակատի անդամները պատրաստ են Մշակույթի նախարարության հետ համաձայնության գալ, թե Ազատության հրապարակի որ հատվածում է կարելի վրաններ տեղադրել:
«Մենք չենք պատրաստվում վրանները տեղադրել Օպերայի շենքի վրա, այն պետք է տեղադրենք հարակից տարածքում: Մենք պատրաստ ենք համաձայնեցնել մշակույթի նախարարության հետ»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը: