Հաշվի առնելով, որ մոտենում է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրը՝ «Արմեդիա» ՏՎԳ-ն փորձել է պարզել որոշ քաղաքական և հասարակական գործիչների մոտեցումը հանրաքվեին քաղաքացիների մասնակցության վերաբերյալ:
Ռադիոհաղորդավար Եգոր Գլումովը, պատասխանելով այն հարցին, թե ինչու պետք է քաղաքացիները մասնակցեն դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին, մասնավորապես նշել է, որ քաղաքացիները պետք է մասնակցեն հանրաքվեին, քանի որ իրենց ձայնը կարևոր է առաջին հերթին հենց իրենց համար, որ հետո չասեն, թե իրենց ձայնն օգտագործել են:
«Այսօր շատ հեշտ է քննադատել իշխանություններին, սակայն չպետք է մոռանալ, որ եթե այդ իշխանություններին անգամ մենք չենք ընտրել, ուրեմն մենք անձայն թույլ ենք տվել, որ ուրիշները մեր փոխարեն ընտրեն»,- նշել է Գլումովը՝ ընդգծելով, որ «յուրաքանչյուր մարդ իրավունք չունի քննադատելու ինչ-որ բան, եթե ինքը դրա դեմ ոչինչ չի արել»:
«Դրա համար պետք է գնալ և ասել ձեր հստակ դիրքորոշումը, որ հետագայում չասեք, որ ինչ-որ մեկն է ձեր փոխարեն ասել», - նշել է նա:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի կարծիքով հանրաքվեին մասնակցությունը չպետք է լինի քննարկման առարկա:
«ՀՀ քաղաքացին պետք է մասնակցի յուրաքանչյուր հանրաքվեի, ոչ միայն դեկտեմբերի 6-ի հանրաքվեին, և ինքն էլ պետք է որոշի, թե ինչ պետք է ասի», - համոզված է թատերական գործիչը:
Ղազանչյանը «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում ափսոսանքով է արձանագրել, որ այժմ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համատեքստում այդ փոփոխությունները մոռացվել են. ««Ո՛չ» կամ «Այո՛» ասողներն էլ մինչև վերջ չեն հասկանում, թե ինչու են նման դիրքորոշում ընդունել: Հանրաքվեն ակամայից վերածվել է սպորտային հետաքրքրության»:
«Եթե թատրոնում ինչ-որ խնդիր կա, ապա այդտեղ ես իմ մեղքի չափաբաժին եմ տեսնում, բայց երկրում առկա խնդիրների համար շատերը իրենց մեղքը չեն տեսնում»,- նշել է Ղազանչյանը՝ հավելելով, որ կարծում է, թե «Այո՛»-ն կհաղթի, քանի որ «մարդիկ սպասում են փոփոխության»: Մշակութային գործիչը նաև կոչ է արել անձնական խնդիրները չտեղափոխել քաղաքականության դաշտ՝ հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական պայմանները, երբ «պատերազմը դեռ չի ավարտվել, իսկ ռուս-թուրքական հարաբերություններում առկա է լարվածություն»:
Երգիչ Արթուր Իսպիրյանի կարծիքով հանրաքվեին չմասնակցելով հարց չի լուծվի, «պետք է ունենալ ինչ-որ կողմնորոշում, պետք է հայտնել այն»:
«Բոլոր ընտրություններին և հանրաքվեներին պետք է քաղաքացին մասնակցի, քանի որ նրանց ձայնը արժեք ունի մեր երկրում, դա պարտադիր է: Չմասնակցելով կամ բոյկոտելով՝ քաղաքացին ոչ մի բանի չի հասնի»,- «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում նշել է Իսպիրյանը:
Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվեին մասնակցությունը ՀՀ քաղաքացու՝ իր ճակատագիրը որոշելու իրավունքն է և պարտականությունը, որը պետք է իրականացվի»: