Սահմանադրական հանրաքվեին հաշված օրեր են մնացել: Ոմանք արդեն կողմնորոշվել են իրենց ընտրության հարցում, իսկ որոշներն էլ դեռևս տատանվում են:
Ինչպիսին էլ լինի ընտրությունը, առաջնային նշանակություն ունի քաղաքացիների մասնակցությունը: Այս տեսանկյունից հարց է առաջանում. ինչո՞ւ պետք է ՀՀ քաղաքացին մասնակցի հանրաքվեին: «Արմեդիա» ՏՎԳ-ն փորձել է ճշտել այդ հարցի պատասխանը ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչներից:
ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունից Արամ Մանուկյանը նշում է, որհանրաքվեին մասնակցելով՝ քաղաքացին «տեր կկանգնի» իր երկրի ճակատագրին: «Հայաստանի քաղաքացիները պետք է մասնակցեն Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, որ տեր կանգնեն իրենց երկրի ճակատագրին կամ էլ որ թույլ չտան Սերժ Սարգսյանի հավերժ իշխանությունը»,- ասել է նա:
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, խոսելով սահմանադրական հանրաքվեին մասնակցելու կարևորության մասին, նշեց, որ այդ կերպ քաղաքացին որոշում է իր ապագայի հարցը: «Դեկտեմբերի 6-ին մասնակցելով Մայր օրենքի շուրջ քվեարկությանը, որը սահմանում է թե՛ քաղաքացի-պետություն և թե՛ հասարակություն-պետություն, ազգ-պետություն հարաբերությունները՝ Հայաստանի քաղաքացին որոշում է իր և իր ապագայի հարցը: Անտարբերությունը, բնականաբար, որևէ լավ բան չի խոստանում, իսկ «այո» քվեարկելը հնարավորություն է տալիս ավելի արագ և կազմակերպված ձևով դուրս գալու ստեղծված ծանր պայմաններից»,- ասել է նա:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը նույնպես կարևորում է քաղաքացիների մասնակցությունը: «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարևորագույն քաղաքական գործընթաց է, որն այսօր տեղի է ունենում Հայաստանում, և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ նրանից, թե ինչ դիրք կամ պաշտոն է զբաղեցնում, ինչ սոցիալական իրավիճակում է գտնվում, պետք է հասկանա, որ սա մեր երկրի համար շատ կարևոր փաստաթուղթ է, և շատ կարևոր է, որ ՀՀ քաղաքացին իր դիրքորոշումը, իր կարծիքը քվեարկությամբ հայտնի: Թե ինչ ձևով, դա արդեն յուրաքանչյուրի գործն է: Քաղաքացիների մակարդակով մասնակցության հարցը շատ կարևոր է, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»,- ասել է նա:
Տնից դուրս գալու կոչով է հանդես գալիս «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնող Զարուհի Փոստանջյանը: «Քաղաքացիական դիրքորոշման հիմնակետեր» վերնագրված հայտարարությունից մի հատված. «Ծաղրի՛ր քո վրա փաթաթված հանցավոր հանրաքվեն: Գիտակցի՛ր՝ իշխանությունը դո՛ւ ես»:
ՀՀԿ խմբակցությունից Արտակ Զաքարյանը նշեց, որ անտարբերությունն արդարացված չէ, քանի որ Սահմանադրությունն առնչվում է յուրաքանչյուրիս կյանքին: Հարցին, թե ինչու մասնակցել հանրաքվեին, նա պատասխանեց. «Շատ պարզ պատճառով, որովհետև դա վերաբերում է բոլորին, անխտիր բոլոր քաղաքացիներին: Սահմանադրությունը պաշտպանում է բոլոր քաղաքացիների շահերը, արտահայտում է բոլոր քաղաքացիների կյանքի տարբեր խնդիրներին վերաբերող մեխանիզմները, քաղաքական-իրավական հարաբերությունները: Վերջապես, սահմանադրական փոփոխությունները լուրջ փոփոխություններ են առաջարկում մեր պետության հասարակական-քաղաքական կյանքում, և, կարծում եմ, քաղաքացու անտարբերությունն արդարացված չէ»: