Հայաստանի տարածքում ժամը 08:00-ին մեկնարկեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: ՀՀ տարածքում գործում են 1997 տեղամասեր: Ընտրատեղամասերը փակվելու են ժամը 20:00-ին, որից հետո սկսվելու է հաշվարկը:
Ոստիկանության նախօրեին հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է` 2.550.323: Հանրաքվեին էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակում ընդգրկված է 265 քաղաքացի (ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամներ):
ՀՀ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը դեկտեմբերի 6-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները հրապարակելու է դեկտեմբերի 7-ին մինչև ժամը 20:00-ն: