Հայաստանը մտադիր է ավելի զարգացնել և ամրապնդել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ ինտեգրացիոն ձևաչափերում: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկի ընթացքում:
Նալբանդյանը նշել է, որ հարաբերությունների իրավական հիմքի քննարկումների հետ մեկտեղ՝ հայկական կողմը Եվրոպական հանձնաժողովի համապատասխան մարմինների հետ ներգրավված է եղել ԵՄ տարբեր նախաձեռնություններում մեր մասնակցության վերաբերյալ բանակցություններում: Ակնկալվում է, որ մոտակա օրերին համաձայնագրեր կստորագրվի ԵՄ նախաձեռնություններում Հայաստանի մասնակցության վերաբերյալ, ինչպես օրինակ` «Հորիզոն 2020»-ը և Փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության ծրագիրը (COSME): Տրանսպորտի ոլորտում Հայաստանի կառավարությունն իր պատրաստակամություն է հայտնել Եվրոպական միության հետ ստորագրել «Ընդհանուր ավիացիոն տարածքի» համաձայնագիրը, որն ուղղված է «Բաց երկնքի» քաղաքականության միջոցով ավիացիոն շուկայի ազատականացմանը:
Նախարարը նաև կոչ է արել ԵՄ-ին սկսել առանց վիզային ռեժիմի հաստատման մասին բանակցություններ: «Հասունացել է պահը՝ առաջ գնալու և սկսելու մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը», - ասել է Նալբանդյանը: