Ուկրաինայում հակամարտության կարգավորմամբ զբաղվող եռակողմ կոնտակտային խմբի Մինսկում դեկտեմբերի 8-ին կայացած հանդիպմանը կողմերի հաջողվել է որոշ պայմանավորվածություններ ձեռք բերել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոնտակտային խմբում Ուկրաինայի ներկայացուցիչ Լեոնիդ Կուչմայի մամլո քարտուղար Դարիյա Օլիֆերը:
Այսպես, հանդիպման արդյունքում հավանության է արժանացել անվտանգության հարցերով աշխատանքային ենթախմբի առաջարկությանը կապված, թե շփման գծի երկայնքով որ տեղամասերում պետք է առաջին հերթին իրականացվեն ականազերծման աշխատանքները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև այն հարցում, որ ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության ներկայացուցիչները մուտքի հնարավորություն ունենա Դոնբասի ողջ տարածքում՝ այդ թվում նաև Ուկրաինայի վերահսկողության տակ չգտնվող ռուս-ուկրաինական սահմանում:
Հանդիպման արդյունքում Դոնեցկի և Լուգանսիկի առանձին շրջանների ներկայացուցիչները պարտավորվել են ապահովել միջազգային կազմակերպությունների՝ այդ թվում նաև «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փորձագետների շփումը Դոնբասի՝ Ուկրաինայի վերահսկողության տակ չգտնվող շրջանների բանտարկյալների հետ:
Ուկրաինական կողմի պնդմամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Եռակողմ կոնտակտային խմբի դեկտեմբերի 22-ին կայանալիք հանդիպմանը քննարկել մինչև Նոր տարի պատանդների և անօրինական կերպով պահվող անձանց փոխանակման հարցը:
Նշենք, որ Մինսկում Եռակողմ կոնտակտային խմբի հաջորդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 15-ին: Կոնտակտային խմբի աշխատանքների 2016 թվականին հնարավոր երկարաձգման մասին որոշում կընդունվի նորմանդական քառյակի առաջնորդների կողմից:
Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը լրագրողներին հայտնել է, որ մինչև տարվա վերջ հնարավոր է կայանա նորմանդական քառյակի ձևաչափով նոր հանդիպում: Նրա փոխանցմամբ քառյակի հնարավոր հանդիպմանը կքննարկվեն այն նույն հարցերը, որոնք քննարկվում են կոնտակտային խմբի ձևաչափում:
Չնայած այս տարվա ընթացքում բավականին շատ քայլեր են արվել Մինսկի համաձայնագրերի իրականացման ուղղությամբ, սակայն Ուկրաինայի արևելքում կայունության ամրապնդման մասին դեռ վաղ է խոսել:
Մարտական գործողությունները Դոնբասում շարունակվում են՝ չնայած հակամարտող կողմերի հրադադարի ռեժիմը պահպանելու պատրաստակամության մասին հայտարարություններին: ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Մարտին Սայդիկը վերջին շրջանում բազմիցս արձանագրել է հակամարտության գոտում լարվածության աճը և կոչ է արել կողմերին հրադադար հաստատել:
Նշենք, որ հիմնական առաջընթացը կողմերին հաջողվել է արձանագրել համաձայնագրերի ռազմական մասի իրականացման ուղղությամբ՝ մասնավորապես շփման գծից զենքի հետ քաշելու հարցում: Չնայած հնարավոր եղավ պայմանավորվածություն ձեռք բերել Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչների հետ տեղական ընտրությունները ուկրաինական օրենսդրության համապատասխան անցկացնելու հարցում, Կիևը կատարեց Մինսկի համաձայնագրերով նախատեսված սահմանադրական փոփոխութունների մի մասը, սակայն համաձայնագրերի քաղաքական, ինչպես նաև տնտեսական և հումանիտար բաղադրիչների իրականացման մասով կողմերին չի հաջողվել առաջընթաց գրանցել: