ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 9-ին հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ:
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` զրույցի ընթացքում քննարկվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին տեղեկացրել է ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի և դրան հաջորդող օրերի ընթացքում ադրբեջանական կողմից հրահրվող սադրանքների և հայկական կողմի պատասխան գործողությունների մասին Մասնավորապես, Սեյրան Օհանյանն իր մտահոգությունն է հայտնել հակառակորդի կողմից իրավիճակը հետևողականորեն ապակայունացնելու առիթով՝ նշելով, որ նախորդ օրը ադրբեջանական կողմը ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ առաջին անգամ կիրառել է տանկային կրակ՝ 125մմ հրանոթներից, ինչը լարվածությունը նոր մակարդակի բարձրացնելու վտանգ է պարունակում:
Ադրբեջանական կողմին բանակցային գործընթացի տրամաբանության մեջ պահելու համար, հայկական կողմի ուժային զսպման գործողություններին զուգահեռ՝ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:
Դեսպան Անջեյ Կասպրշիկն իր հերթին մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի շուրջ և խոստացել համապատասխան քայլեր ձեռնարկել: