Դեկտեմբերի 11-ին Ժնևում Ռուսաստան-ԱՄՆ-ՄԱԿ ձևաչափով բանակցություններ են կայանալու սիրիական ճգնաժամի շուրջ: Ռուսաստանն այս հանդիպմանը ներկայացնելու է ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը: Միացյալ Նահանգներից հանդիպմանը մասնակցելու է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էն Պատերսոնը: Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելու է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան Դե Միստուրան:
Գենադի Գատիլովը հայտարարել է̦ որ Ռուսաստանը մտադիր է հանդիպման ընթացքում ներկայացնել սիրիական հակամարտության կարգավորման իր տեսլականը` շեշտը դնելով ահաբեկչության դեմ պայքարի ակտիվացման վրա̦ քանի որ այս հարցը Մոսկվայի համար առաջնային նշանակություն ունի: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն̦ ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է̦ որ այս ձևաչափը նոր չէ̦ և ծառայում է «որպես հարթակ Սիրիայի հարցով կարծիքների փոխանակման համար»: «Այս անգամ մենք հանդիպում ենք̦ առաջին հերթին̦ միջսիրիական երկխոսության խթանման հարցով պարոն Դե Միստուրային լսելու համար»̦ - ասել է Գատիլովը` հավելելով̦ որ քննարկվող մյուս կարևոր խնդիրն ահաբեկչական ցուցակների հարցն է լինելու: Ակնկալվում է̦ որ կողմերը պետք է քննարկեն նաև սիրիական ընդդիմադիր պատվիրակության ձևավորման հարցը̦ որը պետք է մասնակցի միջազգային բանակցություններին:
Իր հերթին̦ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է̦ որ հանդիպումը կենտրոնանալու է «քաղաքական տրանսֆորմացիայի և կրակի դադարեցման» վրա: Ինչպես հայտնում է The Voice of America-ն̦ Քիրբին ասել է̦ որ ժնևյան բանակցությունների նպատակն է հաստատել հետագա բանակցային գործընթացի սկզբունքները և փորձել բանակցային թիմ ձևավորել:
ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան էլ Reuters գործակալությանն ասել է̦ որ Ժնևի հանդիպումը Վիեննայի բազմակողմ բանակցությունների նախապատրաստման մի մասն է:
Հավելենք̦ որ հաջորդ շաբաթ Մոսկվայում ակնկալվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը̦ որի գլխավոր թեման կրկին սիրիական հակամարտությունն է լինելու: