Գերմանիան դեռևս մտադիր չէ ընդլայնել ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ «Իսլամական պետության» դեմ գործողությունների գոտում: Այդ է վկայում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պատասխանը լրացուցիչ ուժեր գործուղելու վերաբերյալ հարցին ZDF-ի եթերում:
Դեկտեմբերի 12-ին Der Spiegel հանդեսը հայտնել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերն իր գերմանացի գործընկեր Ուրսուլա դեր Լյայենին նամակ է հղել` խնդրելով քննարկել ԻՊ դեմ պայքարում իր ավանդն ավելացնելու հարցը: ՊՆ մամուլի քարտուղարը հաստատել է, որ նամակը ստացվել է, սակայն մանրամասներ չի ներկայացրել` նշելով, որ այն քննարկման փուլում է: Նամակում կոնկրետ խնդրանք չի եղել և նույն բովանդակությունն է ունեցել, ինչ ԱՄՆ-ի՝ մյուս գործընկերներին հղված հարցումները:
«Ես կարծում եմ, որ Գերմանիան կատարում է իր խնդիրը, և մենք նոր հարցեր այդ թեմայով չպետք է այս պահի դրությամբ արծարծենք»,-ասել է Անգելա Մերկելը` պատասխանելով Պենտագոնի նամակի մասին հարցին: Այսպիսով, Մերկելը մերժել է ամերիկացիների խնդրանքը ԻՊ դեմ լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ին հղումով:
Դեկտեմբերի 4-ին Գերմանիայի խորհրդարանը (Բունդեսթագը) արտոնեց գերմանացի զինծառայողների մասնակցությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին Սիրիայում: Սիրիայում և Իրաքում գործողություններին կարող է մասնակցել 1,2 հազար զինծառայող, առաքելությունը սահմանափակված է 1 տարի ժամկետով, սակայն կարող է երկարացվել: Բացի այդ, Բեռլինը պատրաստ է մեկ ռազմանավ տրամադրել, լիցքավորող ինքնաթիռներ և դաշնակիցներին փոխանցել արբանյակներից ստացվող հետախուզական տվյալները: