Եվրամիությունում նախագահող Լյուքսեմբուրգն առաջարկում է Թուրքիայից 50 հազար սիրիացի փախստականների վերաբնակեցնել ԵՄ-ում` սա հանելով այն 160 հազարից̦ որոնք ավելի վաղ ԵՄ կայացրած որոշման համաձայն պետք է վերաբաշխվեին միգրացիոն ճնշման տակ հայտնված ԵՄ երկրներից̦ առաջին հերթին̦ Իտալիայից և Հունաստանից: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն̦ այս մասին հայտարարել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը:
ԵՄ-Թուրքիա միջկառավարական համաժողովից հետո Ասելբորնը լրագրողներին ասել է̦ որ Թուրքիայում 2̦2 միլիոն սիրիացի փախստական է ապրում̦ և սա փախստականների ճամբարներից դուրս̦ որտեղ ևս 300 հազար մարդ կա:
«Ես կարծում եմ̦ որ սա իրագործելի է̦ և ազդանշան կհաղորդի Թուրքիային̦ որ մենք պատրաստ ենք առաջ շարժվել այս ուղղությամբ»̦ - ասել է Լյուքսեմբուրգի արտգործնախարարը: Եվ սա այն դեպքում̦ երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է̦ որ մտադիր է էականորեն կրճատել փախստականների հոսքը Գերմանիա̦ հայտնում է Reuters գործակալությունը: Այս տարի Գերմանիայում ապաստանած փախստականների թիվը հասել է 1 միլիոնի:
Սակայն Թուրքիան մտադիր չէ բավարարվել այսքանով: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է̦ որ եվրոպական իշխանությունները չպետք է փախստականներին ընտրելիս առաջնորդվեն որոշակի չափանիշներով: «Մենք դեմ ենք̦ որ ԵՄ երկրները Թուրքիայից փախստականներ ընդունելիս ընտրություն կատարեն: Նրանք չպետք է փորձեն ընտրել միայն առավել կրթվածներին̦ քրիստոնյաներին կամ այլ չափանիշներ կիրառեն»̦ - ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Նա հերթական անգամ ընդգծել է̦ որ Թուրքիան փախստականների վրա 8 միլիարդ դոլար է ծախսել` միջազգային հանրությունից ստանալով ընդամենը 430 միլիոն դոլար: «ԵՄ-ի 3 միլիարդ եվրոն չեն փոխանցվելու Թուրքիայի Կենտրոնական բանկ̦ դրանք փոխանցվելու են Թուրքիայում ապրող սիրիացիների համար մեր կողմից ստեղծվող ծրագրերին»̦ - ասել է Չավուշօղլուն:
Ինչպես տեսնում ենք̦ ԵՄ-ն հերթական զիջումն է անում Թուրքիային` շատ լավ գիտակցելով̦ որ ԵՄ երկրների բնակչության մեծ մասը դեմ է նոր փախստականներ ընդունելուն: Բացի այդ̦ այս քաղաքականությունը կարող է լուրջ դժգոհություն առաջացնել նույն Հունաստանի և Իտալիայի մոտ̦ քանի որ զիջումն արվում է հենց նրանց հաշվին` խորացնելով ԵՄ-ի ներսում առկա ճգնաժամը: