Լեյլա Յունուսի ազատ արձակումից հետո Բաքվում հույս ունեին, որ մարդու իրավունքների պաշտպանության և խոսքի ազատության հետ կապված իրավիճակի պատճառով Արևմուտքի կողմից ադրբեջանական իշխանությունների վրա ճնշումը կմեղմանա, հատկապես, որ Յունուսի ազատ արձակման միջազգային արձագանքը բավականին հուսադրող էր Բաքվի համար: Սակայն դեկտեմբերի 16-ին ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում լսումներ կանցկացվեն «Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի աշխատակցուհի Խադիջա Իսմայիլովային հալածելու» թեմայով: Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ նշված է, որ 2014 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի իշխանությունները կեղծ մեղադրանքով կալանավորել են հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային, ինչից հետո ներխուժել են ԱՄՆ կողմից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակ:
Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթը հայտարարել է, որ Իսմայիլովային պատժել են Ադրբեջանի կառավարության կոռուպցիոն գործունեությունը բացահայտելու համար, և որ նրան կալանավորելն ուղղակի հարձակում է ԶԼՄ-ների վրա։
Լսումների ժամանակ մասնավորապես բարձրացվելու է այն հարցը, թե արդյոք ԱՄՆ կառավարությունը արել է ամեն հնարավոր բան՝ Բաքվում «Ազատություն» ռադիոկայանի բյուրոյի աշխատանքները վերականգնելու համար։
ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերն իր հերթին դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ խնդրելով ազատել կալանքի մեջ գտնվող ReAl շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին։
Բրասերը հիշեցրել է, որ նախորդ շաբաթ տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը, որում ընդգծվել է, որ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է կատարել Իլգար Մամեդովի գործով ՄԻԵԴ-ի որոշումը:
«Պարոն Մամեդովը պետք է անհապաղ ազատ արձակվի։ Եվրոպայի Խորհրդի բոլոր կառույցներն Ադրբեջանի կառավարությանը կոչ են անում կատարել իր միջազգային պարտավորություններն ու դադարեցնել քաղաքացիական հասարակության վրա ճնշումները»,- նշել է նա։
2013 թվականի մարտի 17-ին ադրբեջանական դատարանն Իլգար Մամեդովին դատապարտել է 7 տարվա ազատազրկման՝ նրան մեղադրելով Իսմայիլիի զանգվածային անկարգությունները կազմակերպելու և դրանց մասնակցելու համար։ Իսկ Իսմայիլովան տևական դատավարությունից հետո սեպտեմբերին դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման։
Այսպիսով, Յունուս ամուսինների ազատ արձակելով՝ Բաքուն չի կարող հույս ունենալ, որ կձերբազատվի Արևմուտքի ճնշումներից՝ վերաբերող երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին: Սակայն, ինչպես Լեյլա Յունուսի ազատ արձակելու կապակցությամբ նշել էին արևմտյան պաշտոնյաները, Արևմուտքն ավելի շատ նման քայլերի կարիք ունի Ադրբեջանի հետ հարաբերությունները վերականգնելու համար: