ՄԱԿ-ում պաշտոնապես մեկնարկել է նախընտրական արշավը գլխավոր քարտուղարի պաշտոնի համար, հայտնում է Reuters-ը։
Պան Գի Մունը, ով նախկինում եղել է Հարավային Կորեայի արտգործնախարարը, պետք է հեռանա 2016 թվականի վերջին՝ երկու 5-ամյա ժամկետում պաշտոնավարելուց հետո։ Տարբեր տարածաշրջանային խմբերի ներկայացուցիչների ռոտացիայի պատճառով այժմ գլխավոր քարտուղար կարող է դառնալ Արևելյան Եվրոպայի պետությունների ներկայացուցիչը։
Նշվում է, որ թեկնածուների չգաղտնազերծվող ցուցակը կազմվում է Անվտանգության խորհրդի փակ դռների հետևում:
ԱԽ ներկայիս նախագահ ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը և Գլխավոր ասամբլեայի նախագահ դանիացի Մոգենս Լյուկետոֆտն առաջարկել են գլխավոր քարտուղարի պաշտոնում դիտարկել կնոջ թեկնածություն՝ ապահովելու համար հավասար հնարավորություններ։ 1945 թվականից պաշտոնը զբաղեցնում են միայն տղամարդիկ։
Ցուցակը կազմվելուց հետո կուղարկվի կազմակերպության բոլոր՝ 193 պետություններին։