Մինչ Իրանը պատրաստվում է պատժամիջոցների չեղարկմանը` հաշվելով դրանից հետո ակնկալվող օգուտները̦ Արևմուտքը քննարկում է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների հնարավորությունը: Սպիտակ Տունը չի բացառել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը: Ինչպես հայտնում է TASS-ը̦ այս մասին հայտարարել է Սպիտակ Տան խոսնակ Ջոշ Էռնեսթը: Պատժամիջոցների հնարավորությունը կապված է այն փաստի հետ̦ որ Իրանը մեղադրվում է 2015 թվականի հոկտեմբերին` միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո̦ բալիստիկ հրթիռներ փորձարկելու մեջ:
Հիշեցնենք̦ որ հոկտեմբերին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան դիմեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցային հանձնաժողովին՝ խնդրելով հետաքննել Իրանի կողմից միջին հեռահարության բալիստիկ հրթիռների վերջին փորձարկման միջադեպը: Այս երկրները կարծում են, որ Իրանի կողմից միջին հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկումը ոտնահարում է ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձևերը:
Իրանը պնդում է, որ հրթիռների փորձարկումը չի խախտում ԱԽ-ի բանաձևերը, որոնց համաձայն միջուկային համաձայնագրի գործելուց հետո ևս 8 տարի Իրանը պետք է զերծ մնա միջուկային զենք տեղափոխող բալիստիկ հրթիռներ փորձարկելուց: Իրանի արտգործնախարարությունը հայտարարում է, որ հրթիռները նախատեսված չեն միջուկային մարտական գլխիկներ տեղափոխելու համար, և Իրանն ատոմային զենք մշակելու մտադրություն չունի:
ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցային հանձնաժողովն ուսումնասիրել է Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկման մասին տեղեկությունները: Այս մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ̦ Իսպանիայի ներկայացուցիչ Ռոման Մարչեսին: ԱԽ-ում եռամսյակային նիստի ժամանակ նա տեղեկացրել է̦ որ մասնագետներն ավարտել են հոկտեմբերի 10-ին Իրանի կողմից «Իմադ» տիպի բալիստիկ հրթիռների փորձարկման մասին լուրերի ուսումնասիրությունը և եկել են այն եզրակացության̦ որ դա համարվում է ԱԽ-ի 2010 թվականի 1929 բանաձևի 9-րդ պարբերության խախտում:
Սակայն Իրանում Արևմուտքի հետ հարաբերությունների նոր սրացում չեն ակնկալում: Ինչպես նշում է IRNA գործակալությունը̦ իրանական Մեջլիսի (խորհրդարան) Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը հայտարարել է̦ որ արևմտյան երկրները ևս̦ հատկապես Եվրոպան̦ մեծապես տուժել են Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից: Իսպանիայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ իրանցի պաշտոնյան ընդգծել է̦ որ պատժամիջոցները բացասաբար են ազդել ինչպես Իրանի և իրանական ընկերությունների̦ այնպես էլ եվրոպական երկրների վրա: