Իսլամադավան երկրների նորաստեղծ կոալիցիայի նպատակն իսլամն ահաբեկչությունից պաշտպանելն է։ Իսլամական հակաահաբեկչական կոալիցիան ոչ թե ռազմական, այլ գաղափարախոսական միավորում է։
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Թանժու Բիլգիչը։
«Կոալիցիան ռազմական կառույց չի լինելու, դա նրա օրակարգում չէ։ Ռազմական ու հետախուզական համագործակցությունն ընդդեմ «Իսլամական պետության» կարևոր է, սակայն կա նաև ահաբեկչության դեմ պայքարի գաղափարախոսական կողմը: Այդ պայքարը պետք է համակարգվի, որպեսզի իսլամը չասոցացվի ահաբեկչության հետ»,-ասել է Բիլգիչը:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան 34 երկրներից բաղկացած կոալիցիա է ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարի համար: Նոր կոալիցիայի կենտրոնը լինելու է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում:
Համաձայն հայտարարության տեքստի՝ կոալիցիան ստեղծվում է ահաբեկչությանը հակազդելու և մահմեդական ժողովուրդների շահերին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար: