Ադրբեջանն ու Տաջիկստանը քննարկում են Սաուդյան Արաբիայի գլխավորած իսլամական հակաահաբեկչական կոալիցիային միանալու հնարավորությունը, հայտնում է «Աշ Շարք ալ Աուսաթ» թերթը:
Տաջիկստանի ղեկավարությունն այժմ ուսումնասիրում է Սաուդյան Արաբիայի առաջարկն ահաբեկչության դեմ պայքարում իսլամական կոալիցիային անդամակցելու շուրջ, հայտնում է Haqqin.az-ը: Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հունվարին կայցելի Սաուդյան Արաբիա և կհանդիպի թագավոր Սալմանի հետ: Կողմերը կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:
Թագավորությունում Ադրբեջանի դեսպան Ռասիմ Ռզաևը հաստատել է, որ Բաքուն նույնպես քննարկում է համապատասխան առաջարկը: «Ադրբեջանը սատարում է ահաբեկչության ցանկացած դրսևորման դեմ պայքարելու ձգտմանը, դա բխում է մեր երկրի շահերից: Ուստի մենք քննարկում ենք առաջարկը»,-ասել է դիվանագետը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Սաուդյան Արաբիան հայտարարեց ահաբեկչության դեմ ռազմական և գաղափարական պայքար մղելու նպատակով իսլամական կոալիցիայի ստեղծման մասին, որին, այդ երկրից բացի, անդամակցում է ևս 33 պետություն: Կոալիցիայի անդամ են դարձել Եգիպտոսը, Հորդանանը, ՄԱԷ-ն, Պակիստանը, Բանգլադեշը, Բահրեյնը, Բենինը, Թուրքիան, Թունիսը, Սենեգալը, Սիեռա Լեոնեն, Սուդանը, Սոմալին, Պաղեստինը, Քաթարը, Քուվեյթը, Լիբանանը, Լիբիան, Մալին, Մալայզիան, Նիգերը, Նիգերիան, Յեմենը, Չադը, Տոգոն, Գաբոնը, Գվինեան, Ջիբուտին, Մարոկկոն, Կոտ դ’ Իվուարը, Մավրիտանիան, Մալդիվներն ու Կոմորյան կղզիները: