Արցախյան հակամարտության բանակցային գործընթացը, նախագահների հանդիպման օրակարգն ու դրա նախօրեին լարվածությունը սահմաններին քննարկվել են «Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան» ծրագրի շրջանակներում ք. Ստեփանավանում անցկացված թրեյնինգի ընթացքում:
Հանդիպման ժամանակ ներկայացվել է Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ընթացքը, տարբեր փուլերում բանակցային սեղանին դրված կարգավորման փաթեթներն ու դրանց տարբերությունները: Այնուհետև անդրադարձ է կատարվել բանակցային գործընթացի ներկայիս փուլին, վստահության միջոցառումներին և կողմերի վարած քաղաքականությանը: Մասնակիցների ուշադրության կենտրոնում են եղել նաև ակնկալիքները Բեռնում Սարգսյան-Ալիև հանդիպումից ու դրան զուգահեռ լարվածության աճը սահմաններին:
Մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին մի քանի հայտարարություններին, առանձնացնել և քննարկել դրանցում պարունակվող շեշտադրումները, դրանց հիման վրա վերլուծություն կատարել բանակցությունների ներկայիս փուլի ընթացքի և բովանդակության մասին:
Մասնակիցները նկատեցին, որ վերջին հայտարարություններում նկատվում է համանախագահների կողմից տարբերակված մոտեցման որոշ միտում, մասնավորապես ընդգծվում է, որ Հայաստանն իր համաձայնությունն է տվել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների հաստատմանը, իսկ Ադրբեջանը` ոչ: Միաժամանակ քննարկվեց համանախագահների կողմից արհեստական բալանսավորման բացասական ազդեցությունը բանակցային գործընթացի և ընդհանրապես հակամարտության կարգավորման վրա` վերաբերող սահմանային լարվածության հրահրում թույլ չտալու ոչ հասցեագրված կոչերին:
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ստատուս-քվոյի նկատմամբ կողմերի մոտեցումներին, դրանց պատճառներին: Առանձին քննարկվեցին հակամարտությանն առնչվող տերմինաբանության ճիշտ կիրառումը, հասարակության շրջանում հակամարտության և կարգավորման գործընթացի վերաբերյալ առավել խորքային իմացության անհրաժեշտությունը և այլն:
Հանդիպման ընթացքում մասնակիցներին հնարավորություն տրվեց քննարկման արդյունքների հիման վրա տալու իրենց առաջարկները՝ բանակցային գործընթացն առաջ մղելու, կողմերի միջև վստահությունը վերականգնելու և հասարակությունների միջև շփումները խթանելու համար:
Մասնակիցները բարձր գնահատեցին հանդիպման արդյունավետությունը, ընդգծեցին իրենց կողմից նոր գիտելիքների և տեղեկատվություն ստանալու փաստը, ցանկություն հայտնեցին շարունակելու մասնակցությունը նմանատիպ ծրագրերին և շեշտեցին, որ անհրաժեշտ է շատացնել մարզերում նման ծրագրերի իրականացման հաճախականությունը, քննարկվող հարցերն ու դրանց դիտարկման խորությունը:
Նշենք, որ «Երիտասարդության ձայնը 4. նոր շրջան» ծրագիրն իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ կողմից ՀՀ Երիտասարդության և սպորտի հարցերով նախարարության աջակցությամբ: Ծրագրի նպատակն է ընդլայնել երիտասարդության, ուսանողների, երիտասարդ քաղաքագետների, տնտեսագետների, լրագրողների ներգրավումն արտաքին քաղաքական թեմաների քննարկման մեջ, բարձրացնել նրանց տեղեկացվածության մակարդակն ու խթանել նրանց կողմից նոր գաղափարների և առաջարկների գեներացումը: