2015 թվականն ամփոփելու ճիշտ ժամանակն է: Հետադարձ հայացք գցելով` փորձենք հասկանալ̦ թե որոնք են եղել հայ հասարակության շրջանում քննարկված գլխավոր հարցերը:
Տարին ողջ Հայաստանի համար սկսվեց ողբերգական միջադեպով: Գյումրիում ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանությունն ու դրան հաջորդած բախումները ոստիկանների և ցուցարարների միջև̦ իսկ այնուհետև նաև այս գործով դատավարությունը ողջ տարվա ընթացքում հանրության ուշադրության կենտրոնում էին:
2015 թվականը հատկանշական տարի էր ոչ միայն Հայաստանի̦ այլ նաև աշխարհով սփռված միլիոնավոր հայերի համար̦ ովքեր ոգեկոչում էին 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1̦5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Ողջ տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները հայ ժողովրդի ուշադրության կենտրոնում էին: Թուրքիայում նաև մեծ աղմուկ բարձրացրեց քրդական ուժերի կողմից Հրանտ Դինքի հիշատակին կազմակերպված միջոցառումը:
Հայաստանյան և միջազգային լրատվամիջոցներն ակտիվորեն լուսաբանեցին ապրիլի սկզբին Քիմ Քարդաշյանի այցը Երևան` մեկ անգամ ևս միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Հայոց Ցեղասպանության և այն ճանաչելու անհրաժեշտության վրա: Հայ երիտասարդները մեծ ոգևորությամբ մասնակցեցին Կարապի լճում Քանյե Ուեսթի անվճար համերգին` վայելելով նրա ցատկը Կարապի լիճ:
Հայաստանն ու հայ ժողովուրդն ընդմիշտ երախտապարտ են լինելու Հռոմի պապ Ֆրանցիսկոսին̦ ով ապրիլի 12-ին Վատրիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայ կաթողիկե եկեղեցու ծիսակարգով մատուցված Պատարագով իր հարգանքի տուրքը մատուցեց նահատակվածների հիշատակին:
Ապրիլի 23-ին Երևանում կայացավ System of a Down ռոք խմբի Wake up the Souls համերգը: Իսկ արդեն ապրիլի 24-ին Հայաստանը Ծիծեռնակաբերդում ընդունեց աշխարհի տարբեր երկրների̦ այդ թվում Ֆրանսիայի̦ Ռուսաստանի̦ Սերբիայի, Կիպրոսի նախագահներին̦ ովքեր իրենց մասնակցությունը բերեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը:
Հիշարժան իրադարձությունների շարքում նշենք նաև Համահայկական 6-րդ ամառային խաղերը̦ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի անհաջողությունները̦ ամեն 7 տարին մեկ տեղի ունեցող մյուռոնօրհնեքի արարողությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և այլն:
Հայաստանի ներքաղաքական զարգացումներից առանձնացնենք ամռանն էլեկտրաէներգիայի թանկացման դեմ թափ հավաքած «Էլեկտրիկ Երևան» քաղաքացիական շարժումը և դեկտեմբերին կայացած Սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրաքվեն: Վերջինի արդյունքում Հայաստանը որոշեց դառնալ խորհրդարանական երկիր:
Հայաստանն այս տարի հատկապես անհանգստացած էր անվտանգության հետ կապված խնդիրներով: Հանրության ուշադրության կենտրոնում էր սահմանային լարվածությունը̦ որն ամբողջ տարվա ընթացքում շարունակեց աճել: Ցավոք̦ հայ ժողովուրդն իր անվտանգությունը պաշտպանելիս կրկին զոհեր ունեցավ̦ ովքեր իրենց կյանքը չխնայեցին Հայրենիքի համար:
2016 թվականին Հայաստանին մաղթենք խաղաղ գիշերներ̦ բարի լուրեր և միայն դրական զարգացումներ: