Բրունեյի սուլթան Հասանալ Բոլկիահը երկրի քաղաքացիներին զգուշացրել է, որ Սուրբ Ծնունդը նշել ցանկացողները կարող են ազատազրկվել մինչև 5 տարով: Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով The Telegraph-ին:
Պահպանողական մահմեդական երկրի իշխանությունները հայտարարել են, որ ազատազրկումը կարող է վերաբերել ցանկացած մահմեդականի, որը կցանկանա շնորհավորական բացիկ ուղարկել կամ Սանտա Կլաուսի շոր հագնել: Միաժամանակ, այլ կրոնների ներկայացուցիչներին թույլատրվում է նշել Սուրբ Ծնունդը, բայց միայն «սեփական շրջապատում»:
Կրոնի հարցերի նախարարության հայտարարությունում նշվում է, որ «Սուրբ Ծննուդը հրապարակավ նշելը կարող է վնասել մահմեդականների հավատին»:
Մահմեդականները կազմում են Բրունեյի բնակչության 65 տոկոսը: Շատ քաղաքացիներ իրենց դժգոհությունն են հայտնել իշխանությունների արգելքի առթիվ և սոցիալական ցանցերում սկսել են սուրբծննդյան լուսանկարներ տեղադրել #MyTreedom հեշթեգով: