Anonymous-ի հաքերները հայտարարել են թուրքական կառավարության դեմ լայնածավալ կիբերպատերազմ սկսելու մասին` մեղադրելով Անկարային ահաբեկչական «Իսլամական պետությանը» սատարելու մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը Sputnik-ի վրա հղումով:
Տեսաուղերձում, որը զետեղվել է Anonymous-ին պատկանող YouTube-ի ալիքում, հաքերները հայտարարել են, որ «Թուրքիան սատարում է ԻՊ-ին նավթ գնելով նրանից և բուժելով գրոհայիններին իր հոսպիտալներում»: «Մենք չենք հանդուրժի, որ Էրդողանն առաջիկայում ևս աջակցի ԻՊ-ին»,-ասվում է ուղերձում:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հատուկ ճեպազրույցում ներկայացրեց հետախուզական տվյալներն ու ֆոտոնյութերը, որոնք հաստատում են Թուրքիայի նախագահ Էրդողանի ակտիվ մասնակցությունը ԻՊ նավթային բիզնեսին Սիրիայում և Իրաքում: ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ չունի Էրդողանի անմիջական մասնակցության ապացույցներ, խոստովանելով սակայն, որ ԻՊ նավթն իրոք հատում է Թուրքիայի սահմանը և կարող է հայտնվել տեղի շուկայում: Անցած շաբաթ խումբը գրոհել է մոտ 40 հազար վեբ-կայք Թուրքիայի ամբողջ տարածքում:
Anonymous-ի հայտարարությունն ընթերցող խմբի անդամը զգուշացրել է, որ «եթե Թուրքիան չդադարեցնի աջակցությունն ԻՊ-ին, նրա մասնակիցները կշարունակեն գրոհել թուրքական ինտերնետը, սերվերները, բանկերը, կառավարական կայքերը, սերվերների գրոհներից հետո, նրանք կգրոհեն Թուրքիայի օդանավակայաններն ու ռազմական օբյեկտները: