ԵՄ սահմանային Frontex գործակալությունը մտադիր է ինքնուրույն հետևել միության սահմաններին, որը վերջին ամիսներին միգրացիոն ճգնաժամ է ապրում: Այս մասին Welt թերթին տված հարցազրույցում ասել է Frontex-ի ղեկավար Ֆաբրիս Լեժերին: «Մինչև հիմա, երբ խոսքը օդից սահմաններին հետևելու մասին էր, Frontex-ն ավելի շատ հենվում էր ԵՄ անդամ-երկրների աջակցության վրա»,- ասել է Լեժերին:
Լեժերին նշել է, որ եթե ԵՄ երկիրն ինքնուրույն չհաղթահարի փախստականների հոսքը, Frontex-ը կկարողանա նրա հետ «խորհրդակցություն» անցկացնել կամ խիստ անհրաժեշտության և Եվրահանձնաժողովի հանձնարարականի դեպքում երկրին օգնել ներգաղթյալներին տեղաբաշխել նաև նրա կամքին հակառակ:
Նշենք, որ անցնող տարին բավականին ծանր էր ԵՄ համար, որն առերեսվել է Երկրորդ աշխարհամարտից հետո ամենամեծ՝ միգրացիոն ճգնաժամին: Դրա լուծման համար Բրյուսելում առաջարկել էին ԵՄ անդամ երկրների միջև միգրանտների քվոտալ բաշխում, որը, սակայն, շատ շուտով ցույց տվեց իր անկենսունակությունը, և ամբողջ տարվա ընթացքում ԵՄ ստիպված էր նոր լուծումներ փնտրել:
ԵՄ վերջին գագաթաժողովի ժամանակ հաստատվել է սահմանապահ և առափնյա պահպանության նոր գործակալություն ստեղծելու Եվրահանձնաժողովի առաջարկը: «Առանց արտաքին սահմանների պաշտպանության մենք կտապալվենք որպես քաղաքական միություն», - այդ ժամանակ նշել էր Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը: ԵՄ գագաթաժողովն աջակցել էր նաև սահմանների վերահսկողության Շենգենի նորմերի խստացմանը, ինչն ենթադրում է Միության արտաքին սահմանը հատող բոլոր անձանց՝ ներառյալ ԵՄ պետությունների քաղաքացիների անձնական բոլոր տվյալների պարտադիր և ամբողջական ստուգում:
Միգրացինոն ճգնաժամի հետևանքով ԵՄ երկրները պահանջում են նաև Դուբլինյան համաձայնագրերի վերանայում, քանի որ վերջիններս ենթադրում են, որ ԵՄ-ի երկրները, որտեղ միգրանտներն առաջին անգամ ապաստան ստանալու խնդրագիր են ներկայացնում, իրենք են պատասխանատու դրանց ուսումնասիրման համար, և եթե միգրանտները հեռանում են այդ պետություններից, նրանց կարող են հետ վերադարձնել: Որոշ երկրներ էլ շարունակվող միգրացիոն ճգնաժամի ֆոնին պահանջում ե Շենգենյան գոտու վերանայում:
Նշենք, որ Frontex գործակալության վերջին տվյալների համաձայն այս տարվա առաջին 10 ամիսներին ԵՄ է ժամանել 1.2 մլն միգրանտ հիմնականում զինված հակամարտությունների գոտիներից: Ընդ որում, գերմանական իշխանությունների տվյալներով 1 միլիոնը հաստատվել է հենց այս երկրում: