Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը քրդական անկախության ճանաչման ուղղությամբ հերթական գործընթացն է սկսում: Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին իր ղեկավարած Քրդստանի դեմոկրատական կուսակցությանը հանձնարարել է աշխատել մյուս կուսակցությունների հետ՝ անկախության հանրաքվեն անցկացնելու նպատակով մեխանիզմներ գտնելու համար: Այս մասին հայտնում է քրդական Rudaw գործակալությունը:
Բարզանին դեռևս 2014 թվականի հուլիսին Իրաքյան Քրդստանի խորհրդարանին հանձնարարել էր նախապատրաստել հանրաքվեի նախագիծը: Մայիսին Վաշինգտոնում իր ելույթներից մեկի ժամանակ Բարզանին նշեց, որ «չգիտի, թե երբ հանրաքվեն տեղի կունենա, բայց հստակ է, որ անկախությունը մոտենում է»:
Սակայն օգոստոսին Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջխաղացմամբ պայմանավորված գործընթացը կասեցվեց: Բարզանին հայտարարեց, որ այս կասեցումը ժամանակավոր է: Իրաքյան Քրդստանի ղեկավարը խոստացավ, որ քրդական ինքնավարության բնակչությունն հնարավորություն կունենա որոշել իր ապագան, հենց որ ԻՊ-ի սպառնալիքը վերանա: «Ես ցանկանում եմ վերահաստատել, որ քրդական անկախությունը շարունակական գործընթաց է, սակայն մենք ցանկանում ենք այն ձեռք բերել խաղաղության, փոխըմբռնման և երկխոսության միջոցով, այլ ոչ թե բռնությունների ճանապարհով», - հայտարարեց Բարզանին:
Հատկանշական է, որ պաշտոնական Բաղդադը կտրականապես դեմ է հանդես գալիս Իրաքյան Քրդստանի անկախության գործընթացի ակտիվացմանն ուղղված ցանկացած նախաձեռնության հարցում:
Հիշեցնենք, որ 1991 թվականին ՄԱԿ-ի հովանու ներքո Իրաքի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծվեց, որտեղ կառավարական զորքերը մտնելու իրավունք չունեին: 1991-2003 թվականների ընթացքում քրդերը փաստացի կիսաանկախություն ստացան: Հետագա տարիներին սկսվեց նրանց ստացած իրավունքների օրենսդրական ամրապդնման գործընթացը: Ինչպես gazeta.ru-ին տված հարցազրույցում ընդգծում է Իրաքյան Քրդստանի հարցով մասնագետ Ստանիսլավ Իվանովը, քրդերը ֆեդերացիայի սուբյեկտի կարգավիճակ ստացան: Աստիճանաբար Իրաքյան Քրդստանը դուրս եկավ մեկուսացումից` առևտրա-տնտեսական և քաղաքական կապեր հաստատելով Միացյալ Նահանգների և եվրոպական բազմաթիվ երկրների հետ: Անմիջական սահման ունենալով Թուրքիայի հետ` Իրաքյան Քրդստանը մեծ թափով զարգացրեց կապերն Անկարայի հետ, հատկապես՝ նավթի մատակարարման հարցում:
Եվ հիմա Անկարան և Էրբիլը Իրաքի թուրքմենների ակտիվ մասնակցությամբ համատեղ աշխատում են Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրումն ԻՊ-ից նախապատրաստելու համար: Թուրքիան իր հերթին չի ցանկանում թույլ տալ, որ Իրանի հովանավորությամբ գործող շիական ուժերին հաջղվի իրենց վերահսկողությունը հաստատել այս շրջանի վրա, որը մի ժամանակ Օսմանյան կայսրության մաս է կազմել: