Օրերս Ադրբեջանի Կենտրոնական բանկը որոշում կայացրեց անցնել ազգային արժույթի՝ մանաթի լողացող փոխարժեքին: Բնական է, որ նման որոշմանը պիտի հաջորդեր մանաթի կտրուկ անկումը, ինչն էլ տեղի ունեցավ: Իսկ ինչու է բնական, քանի որ մինչ այս տերեվերջ մանաթիը կայուն փոխարժեքում պահելը կրում էր արհեստական բնույթ:
Առհասարակ 2015-ը բավական ռիսկային, ընդ որում` բացասական կանխատեսումներով տարի էր հատկապես նավթ արդյունահանող երկրների համար: Վերջիններիս ֆինանսական մուտքերի մեծ մասը, որպես կանոն, ապահովվում էր հենց «սև ոսկու» առևտրից: Եթե նավթի համաշխարհային գները հասնում են վերջին տասնամյակի համար ռեկորդային մինիմումին, ապա դրանից ունեցած մակրոեկամուտները նույնպես հասնում են համարժեք մինիմումի: Մինչդեռ պետությունը մեկուսացված համակարգ չէ, որը կկարողանա փոփոխված իրավիճակում միայնակ, սեփական կարողությունների շրջանակում «բավարարվել» ու շարունակել նույն ընթացքով: Ադրբեջանի տնտեսությունը վերջին գրեթե ողջ տարվա ընթացքում փորձեց ցուցադրել հենց այդպիսի կարողություններ: Մինչդեռ իրականում այսօր արդեն նման հնարավորություններ ընձեռող տնտեսական մեկուսացում գրեթե ողջ աշխարհում բացակայում է:
Տարվա առաջին կեսին չինական յուանը գրանցեց աննախադեպ ցածր փոխարժեք՝ հիմնական առևտրային գործընկերներին «ստիպելով» կատարել նույն քայլը: Սա համաշխարհային տնտեսությունում ազգային արժույթների փոխարժեքների վերանայման առաջին մեծ ազդակը եղավ: Պետք է նշել, որ ազգային արժույթների փոխարժեքների ինքնակարգավորման մեխանիզմների գործարկման թույլ չտալը պետության կողմից յուրօրինակ դեմփինգի օրինակ է՝ ի դեմս սեփական ռեսուրսների հաշվին ազգային արժույթի կայունության ապահովման: Այս գործընթացի հետագիծը տնտեսական փուչիկների ձևավորումն է, որոնք, ի վերջո, պայթյում են: Ադրբեջանական բանկի կողմից մանաթի՝ լողացող կուրսի անցման մասին որոշումը կարելի է բնորոշել, որպես այդ պայթյունների մեկնարկ: Իսկ ինչու մեկնարկ, որովհետև կտրուկ անկում ապրած ազգային արժույթի հետևանքները տնտեսության վրա դեռ երկար կպահպանվեն՝ երևան հանելով այլ խնդիրներ:
Մյուս կողմից յուանի փոխարժեքի անկման պարագայում մանաթի կայուն փոխարժեքի պահպանումը ենթադրում է գործընկեր երկրի հետ ավելի թանկ փոխարժեքով առևտրի իրականացում՝ ավելի շատ մանաթի վճարում: Ադրբեջանի պարագայում, տնտեսությունում մուտք գործող նավթադոլարների հաշվին, լրացուցիչ մանաթ դուրս գրելու բացը մշտապես փակվել է: Մինչդեռ այսօր նավթի ներկայիս ու առհասարակ ողջ տարվա ընթացքում գրանցած գնային պատկերը շտապ օգնության այդ գործառույթը նվազել է Ադրբեջանի տնտեսության համար: