Սիրիայի կառավարական զորքերը ռուսական օդուժի աջակցությամբ վերջին շաբաթվա ընթացքում հինգ բնակավայր են ազատագրել Հալեպի նահանգում: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը: Մասնավորապես, կառավարական զորքերն այդ նահանգում շարունակում են ընդլայնել անվտանգության գոտին Կվայրես օդակայանի շուրջը և հարձակում են ծավալում հարավարևմտյան ուղղությամբ՝ դեպի Իդլիբ: Ռուդսկոյը նաև նշել է, որ սիրիական զորքերը նաև սեղմում են անօրինական զինված կազմավորումների շրջապատման օղակը Դամասկոսի արվարձաններում: Սակայն պետք է նշել, որ ԻՊ դեմ սիրիական բանակի գրանցած հաջողություններն այդքան էլ մեծ չեն: Սիրիայում նրանց դեմ պայքարում են հիմնականում քրդերը, որոնք այս տարվա ընթացքում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքը կրկնապատկել են: ԻՊ դեմ նրանց ամենամեծ հաղթանակը եղել է Թուրքիայի սահմանին գտնվող Թել Աբյադ քաղաքի ազատագրումը:
ԻՊ դեմ պայքարում համեմատաբար ավելի մեծ հաջողություններ ունի Իրաքը: Այսպես, այս շաբաթ Իրաքի զինվորականները ոստիկանության աշխատակիցների և սունի աշխարհազորայինների աջակցությամբ կարողացել ԻՊ գրոհայիններին դուրս մղել Ռամադի քաղաքի կենտրոնական մի քանի թաղամասերից: Տարվա ընթացքում այդ պայքարում Բաղդադի գրանցած լուրջ հաջողություններից կարելի է համարել նաև Տիգրիտ քաղաքի, Բայջի ձեռնարկության տարածքների և Մոսուլը Ռաքքային կապող ճանապարհի մի հատվածի ազատագրումը: HIS հետազոտական կենտրոնի հաշվետվությունում ասվում է, որ 2015 թվականին ԻՊ-ն կորցրել է իր վերահսկողության տակ գտնված տարածքների 14 տոկոսը: Սակայն պետք է նշել, որ այդ տարածքները բացի վերը նշվածներից ոչ այդքան մեծ նշանակություն ունեն և հիմնականում անապատային և կիսանապատային նվազ բնակեցված շրջաններ են: Միևնույն ժամանակ ԻՊ կարողացել է համարժեք փոխարինում գտնել իր կորցրած տարածքներին՝ Սիրիայում գրավելով Պալմիրան, Իրաքում՝ Ռամադին: Այս տարի ԻՊ իր տարածքները ընդլայնել է՝ նույնիսկ Աֆղանստանի արևելքում, ինչը վկայում է ոչ թե այն մասին, որ կոալիցիայի, արդեն նաև Ռուսաստանի ավիահարվածները օգնել են Իրաքի և Սիրիայի զորքերին թուլացնելու ԻՊ-ին, այլ ԻՊ ուշադրությունը դարձնելու մերձավորարևելյան այս երկու երկրների սահմաններց դուրս տարածքներ ձեռքբերելուն: